Բելգիայում ֆուտբոլիստը մեքենայով մխրճվել է մարզասրահի մեջ
Բելգիական «Աուդ-Հեվերլե Լևեն» ակումբի կիսապաշտպան Սոֆիան Կյուինը ավտովթարի է ենթարկվել, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է VRT.be-ն։
Մարոկկացի 25-ամյա ֆուտբոլիստի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մեծ արագության տակ մխրճվել մարզասրահի մեջ։ Միջադեպը տեղի է ունեցել Լյեժ քաղաքում։
Վթարի պահին մարզասրահում եղել են երեխաներ, որոնք գտնվել են հանդերձարանում ու չեն տուժել։
Սոֆիան Կյուինը ստացել է ծանր վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց։ Ակումբից հայտնել են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Բելգիայի ընթացիկ առաջնությունում Կյուինը մասնակցել է 20 խաղի, դարձել 2-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։