Լիտվայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի զորավարժությունները
Լիտվայում տեղակայված ՆԱՏՕ-ի ուժերը մեկնարկում են Rising Bull զորավարժությունները, որոնք անցկացվելու են մարտի 31-ից մինչև ապրիլի 11-ը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:
Ինչպես հաղորդել են Լիտվայի ռազմական գերատեսչությունում, զորավարժությունների ընթացքում ՆԱՏՕ-ի դաշնակիցները պաշտպանական և հարձակողական գործողությունների հետ կապված վարժանքներ կանցկացնեն:
Շաբաթ օրը զորավարժությունների մասնակիցներն ու զինտեխնիկան Յոնավայի շրջանի Ռուկլա քաղաքից կտեղափոխվեն զորավարժությունների անցկացման վայր՝ Շվենչյոնսկի շրջանի զորավարժարան։ Ապրիլի 11-ին՝ զորավարժությունների ավարտից հետո, ռազմական տեխնիկան զորավարժարանից հետ կտեղափոխեն Ռուկլա։
Տեխնիկայի շարասյուները կուղեկցի ռազմական ոստիկանությունը։ Ընդհանուր առմամբ, վարժանքներում գործի կդնեն 1300 զինծառայողի և 250 միավոր ռազմական տեխնիկա։ Rising Bull զորավարժությունները կազմակերպվում են Լիտվայի զինված ուժերի ամենամյա խոշորագույն զորաշարժերին նախապատրաստվելու նպատակով։