ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտադիր է մինչև հուլիս հասնել դաշինքին Շվեդիայի անդամակցությանը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մտադիր է դաշինքին Շվեդիայի անդամակցությանը հասնել մինչև հուլիս, երբ Վիլնյուսում տեղի կունենա կազմակերպության գագաթնաժողովը։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով POLITICO թերթում հրապարակված հարցազրույցը:
«Իմ նպատակը նախկինի նման այն է, որ Թուրքիայում ընտրություններից հետո (խմբ.՝ մայիսին), բայց մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը, մենք կարողանանք վավերացնել նաև Շվեդիայի անդամակցությունը», - ասել է նա։
Քաղաքական գործիչը, սակայն, չի պարզաբանել՝ արդյոք դրա համար հարկավոր է, որ Թուրքիայում կառավարությունը փոխվի: POLITICO-ն նշում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանությունը շատ տարիների ընթացքում առաջին անգամ սպառնալիքի տակ է հայտնվել:
Ստոլտենբերգը շեշտել է, որ վերջնական որոշումը պետք է կայացնի Թուրքիան: Հունգարիան ևս առայժմ չի հաստատել Շվեդիայի անդամակցությունը, սակայն գործընթացի հիմնական խոչընդոտն է հանդիսանում Թուրքիան:
Անկարայի և Ստոկհոլմի հարաբերությունները բարդացել են Շվեդիայում Ղուրանի այրման հետ կապված միջադեպի պատճառով:
Ըստ Ստոլտենբերգի՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունից հետո Եվրամիության բնակչության 96%-ը կապրի ՆԱՏՕ-ի երկրներում։
Հիշեցնենք՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի գլխավոր ասամբլեայում ընդունվել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրության հաստատման մասին օրենքի նախագիծը:
Օրինագծին կողմ են քվեարկել նիստի բոլոր 276 մասնակիցները։ Ֆինլանդիան, այսպիսով, ստացել Է օրինական հիմքեր դաշինքին լիիրավ անդամակցելու համար։
Թուրքիան ՆԱՏՕ-ի մասնակիցներից վերջինն էր, որ հավանություն չԷր տվել դաշինքին անդամակցության մասին Հելսինկիի հայտին: Հունգարիան ձգձգում Էր այդ գործընթացը, բայց համապատասխան օրինագծին հավանություն Է տվել մարտի 27-ին։ Այժմ կազմակերպության բոլոր անդամները հաստատել են Ֆինլանդիայի թեկնածությունը: