Ռուսաստանում զորահավաքի երկրորդ ալիք չի լինելու
Ռուսաստանում զորահավաքի երկրորդ ալիք չի նախատեսվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ Գլխավոր շտաբի գլխավոր կազմակերպչական-մոբիլիզացիոն վարչության մամուլի քարտուղար Վլադիմիր Ցիմլյանսկին։
«Ուզում եմ բոլորիդ հավաստիացնել, որ Գլխավոր շտաբը չի նախատեսում զորահավաքի երկրորդ ալիք: Արդեն զինծառայության կանչվածները, ինչպես նաև գործողությանը մասնակցելու կամավոր ցանկություն հայտնած քաղաքացիները լիովին բավարար են հանձնարարված խնդիրները կատարելու համար», - մեջբերում է նրա խոսքը «Интерфакс» գործակալությունը:
Վլադիմիր Ցիմլյանսկին հավելել է, որ ներկայում զգալիորեն ավելացել է պայմանագրով կամավոր զինվորական ծառայության անցնելու որոշում կայացրած քաղաքացիների թիվը:
«Պայմանագրով հավաքագրման աշխատանքները շարունակվում են Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների պետական մարմինների հետ սերտ համագործակցությամբ», - հավելել է Գլխավոր շտաբի ներկայացուցիչը:
Ռուսաստանում մասնակի զորահավաք էր իրականացվում 2022 թ. սեպտեմբերի 21-ից: 2022 թ. հոկտեմբերի 28-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրեց զորահավաքի միջոցառումների ավարտի մասին։ 2022 թ. նոյեմբերի 4-ին Պուտինը հայտարարեց, որ «հատուկ ռազմական գործողության շրջանակներում» զորակոչվել է 318 հազար մարդ։