Սիրիան Իսրայելին մեղադրել է արդեն երկու օր շարունակվող ավիահարվածների մեջ
Իսրայելի օդուժը ավիահարվածներ է իրականացրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում այսօր կեսգիշերից քիչ անց: Այս ավիահարվածների նախորդ գիշերը ևս մեկ նման հարձակում էր տեղի ունեցել, որի հետևանքով 2 զինվոր էր վիրավորվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է սիրիայի պետական SANA գործակալությունը:
Հաղորդվում է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են «թշնամական հրթիռները» մայրաքաղաքի երկնքում, սակայն հարձակման հետևանքով պատճառվել է նյութական վնաս:
Մեծ Բրիտանիայում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարանը» հայտարարել է, որ հարվածների թիրախ են դարձել Դամասկոսից հարավ ընկած կառավարական ուժերի և Իրանի աջակցությունը վայելող խմբավորումների զենքի պահեստները:
Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում երևում են պայթյուններ երկնքում:
لحظة إطلاق صورايخ اسرائيلية من مرتفعات #الجولان بإتجاه العاصمة #دمشق.#سورية pic.twitter.com/0O2c9uK573
— خالد اسكيف (@khalediskef) March 30, 2023
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, մարտի լույս 30-ի գիշերը Իսրայելը ավիահարվածներ էր իրականացրել Սիրիայի դեմ՝ թիրախավորելով Դամասկոսի արվարձանները: Սիրիական ռազմական աղբյուրը SANA գործակալությանը հայտնել էր, որ Դամասկոսի արվարձաններում իսրայելական հրթիռային հարձակման հետևանքով վիրավորվել է երկու սիրիացի զինվոր, պատճառվել է նաև նյութական վնաս։ The Times of Israel պարբերականն իր հերթին հաղորդում է, որ որպես կանոն՝ Իսրայելի պաշտպանության բանակը չի մեկնաբանում Սիրիայում իրականացված հարձակումները, սակայն ընդունել է, որ հարյուրավոր հարվածներ է իրականացրել Իրանի աջակցությունը վայելող խմբավորումների դեմ, որոնք փորձում են ամրապնդել դիրքերը Սիրիայում: ԻՊԲ-ն նշում է, որ նաև հարվածում է այդ խմբավորումների համար նախատեսված մատակարարումներին: Բացի հինգշաբթի և ուրբաթ իրականացված հարձակումներից, վերջին շաբաթներին հարձակումներ են իրականացվել նաև Հալեպի միջազգային օդանավակայանի դեմ: Այդ հարձակումները ևս վերագրվում են Իսրայելին: