Արսեն Ջուֆալակյանի պատճառով հանրայինի լրագրողին զրկել են իր հեղինակային հաղորդումը վարելուց. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը նախօրեին ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի հետ հարցազրույցում ասում էր, թե իբր «վարչապետն առաջին ալիքից ոչ մեկին հեռացնելու լիազորություն չունի…»։ Գուցե ֆորմալ առումով այդպես է, սակայն Հանրայինում այսօր էլ շարունակվում են ընդդիմադիր Փաշինյանի կողմից ժամանակին այդքան քննադատված ավանդույթները, երբ մարդկանց աշխատանքից ազատում են «սխալ հյուրեր» հրավիրելու համար, եւ հարկատուներիս գրպանից հովանավորվող ալիքում գոյություն ունի սեւ ցուցակ՝ «պերսոնա նոն գրատա» անձինք՝ ի դեմս ընդդիմադիրների։
Դիցուք, տարեվերջին ՔՊ-ական նախկին պատգամավոր Արսեն Ջուֆալակյանին «Չքաղաքականացնել» հաղորդմանը հրավիրելու համար նախագծի հեղինակ եւ վարող Անուշ Մուրադյանին զրկել են իր ստեղծած հեղինակային հաղորդումը վարելու հնարավորությունից։
Մեզ ասացին, որ վերեւներից են զանգել եւ հորդորել, որ Մուրադյանը չպետք է շարունակի վարել հաղորդումը։ Ուշագրավ է, որ Ջուլֆալակյանը երեկ անդրադարձել էր Ղազարյանի վերոնշյալ հայտարարությանը եւ անուղղակիորեն հաստատել մեր տեղեկությունը։
Նա Պետրոս Ղազարյանին հիշեցրել էր մի շարք պատմություններ, այդ թվում․ «Կարող էի հիշել ավելի թարմ՝ 2022-ի դեկտեմբերին իմ մասնակցությամբ Հանրայինով եթեր գնացած հաղորդման պատմությունը… Պնդում եմ, որ բոլոր դեպքերում եղել են զանգեր ՔՊ իշխանական վերնախավից», գրել էր Ջուլֆալակյանը։ Նշենք, որ հենց դեկտեմբերին են Մուրադյանին հեռացրել հիշյալ նախագծից, որն այժմ վարում է ոմն Մհեր Խաչատրյան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: