Բնապահպան ակտիվիստները Մադրիդում կարմիր ներկ են լցրել Պատգամավորների կոնգրեսի շենքի վրա
Futuro Vegetal կազմակերպության մի քանի բնապահպան ակտիվիստներ կարմիր ներկ են լցրել Պատգամավորների կոնգրեսի (խորհրդարանի ստորին պալատի) շենքի վրա: Այդ կերպ նրանք իրենց դժգոհությունն են արտահայտել այն դատավարության դեմ, որն իրականացվում է իրենց 15 գործընկերոջ նկատմամբ նման ակցիայի պատճառով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հաղորդագրություն է զետեղվել կազմակերպության «Թվիթեր»-ի պաշտոնական էջում:
«Գիտնականները, որոնց այսօր դատում են Կոնգրեսի առջև բողոքի ակցիա իրականացնելու համար, կրկնել են նույն գործողությունը՝ հասկացնելով, որ պետական ռեպրեսիաները չեն կարող մեզ կանգնեցնել մեր իրավունքների և ազատությունների համար պայքարում։ Նրանք անհնազանդության, դիմադրության և հետևողական պայքարի օրինակ են»,-ասվում է տեքստում:
Կազմակերպության տվյալներով՝ ոստիկանությունը մինչ այժմ բերման է ենթարկել ութ բնապահպան ակտիվիստի։
Դատավարությունը վերաբերում է ապրիլի 6-ին Rebelión Científica կոլեկտիվի իրականացրած գործողությանը, երբ սպիտակ խալաթներով տասնյակ գիտնականներ կարմիր են ներկել խորհրդարանի գլխավոր ճակատի սյուները՝ կլիմայական խնդիրների վերաբերյալ կառավարության անգործության վրա ուշադրություն հրավիրելու համար: