ԵՄ-ի բարգավաճումն ու անվտանգությունը կախված կլինեն Չինաստանի հետ հարաբերություններից. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եվրամիության տնտեսական բարգավաճումն ու ազգային անվտանգությունը կախված կլինեն Չինաստանի հետ հարաբերությունների բնույթից: Նման հայտարարություն է արել Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ այսօր ելույթ ունենալով Մերկատորի չինագիտության ինստիտուտում։
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «Մեր ապագա տնտեսական բարգավաճման և ազգային անվտանգության համար որոշիչ գործոն կլինի այն, թե մենք ինչպես կկարողանանք հաջողությամբ վարել Չինաստանի հետ մեր հարաբերությունները», - ասել Է նա՝ ընդգծելով, որ Միության հարաբերությունները «Չինաստանի հետ ամենաբարդ և ամենակարևորներից մեկն են աշխարհում»:
Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ «Չինաստանը բացառիկ պատմություն ունեցող երկիր է, որը սկիզբ է առնում վաղ քաղաքակրթությունից՝ դինաստիաների բարգավաճմամբ և անկմամբ»: «Հին Չինաստանի չորս մեծ գյուտերը՝ կողմնացույցը, վառոդը, թղթի արտադրությունը և գրատպությունը, հեղաշրջում կատարեցին համաշխարհային քաղաքակրթության բնագավառում: Բայց այս վերջին դարաշրջանը շատ առումներով ամենաուշագրավ գլուխներից մեկն է այդ երկարատև, ոլորապտույտ և հաճախ բուռն պատմության մեջ:
50-տարուց պակաս ժամանակամիջոցում Չինաստանը համատարած աղքատությունից և տնտեսական մեկուսացումից անցել է այն բանին, որ դարձել Է աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունը և բազմաթիվ առաջավոր տեխնոլոգիաների առաջատարը», - հավելել է ֆոն դեր Լայենը։ ԵՀ ղեկավարը նշել է, որ «1978 թվականից ի վեր Չինաստանի աճի տեմպերը գերազանցել են միջինը տարեկան ավելի քան 9 տոկոսը, և ավելի քան 800 միլիոն մարդ դուրս է եկել աղքատության ճիրաններից»։
«Սա վերջին կես դարի ամենամեծ ձեռքբերումներից մեկն է: Չինաստանի ազդեցությունը տարածվում է բոլոր մայրցամաքների և համաշխարհային ինստիտուտների վրա, սակայն նրա հավակնություններն է՛լ ավելի մեծ են», - ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Եվրահանձնաժողովի ղեկավարն ընդգծել է, որ ԵՄ-ն շահագրգռված է Չինաստանի հետ հարաբերությունների վերահավասարակշռմամբ, այլ ոչ թե դրանց կրճատմամբ։
«ԵՄ-ն շահագրգռված չէ Չինաստանի հետ հարաբերությունների կրճատմամբ: Չինաստանին Է բաժին ընկնում մեր արտահանման 9%-ը և ներմուծման 20%-ը: Բայց մենք պետք է վերագնահատենք այդ հարաբերությունների ռիսկերը, դրանք դարձնենք ավելի մրցունակ և արդարացի և փոխենք այդ հարաբերությունների կենտրոնը», - հայտնել Է նա:
«Մենք կանցկացնենք մեր հարաբերությունների ստերս-թեստեր՝ հասկանալու, թե որտեղ չափից դուրս կախվածություն ունենք նրանից: ԵՄ-ն 98%-ով կախված է Չինաստանից հազվագյուտ հողերի մետաղների, 97%-ով՝ լիթիումի և 93%-ով՝ մագնեզիումի մատակարարումներից», - ասել Է նա՝ ընդգծելով, որ ԵՄ-ն մտադիր է ակտիվորեն բազմաբնույթ դարձնել այդ մատակարարումները, որոնք կարևոր նշանակություն ունեն կանաչ տեխնոլոգիաների զարգացման համար: