Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուն հրաժարվել Է գլխավորել ընդդիմությունը
Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն, որն այսօր ԱՄՆ-ից մեկնել է հայրենիք, հայտարարել է, որ ընդդիմության առաջնորդ չի դառնա, այլ փորձագետի իրավունքով կհամագործակցի իր կուսակցության հետ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:
«Ես ոչ մի ընդդիմության առաջնորդ չեմ լինի, ես կօգնեմ իմ կուսակցությանը (խմբ.՝ Լիբերալ կուսակցությանը)՝ որպես փորձ ունեցող մարդ. 28 տարի՝ խորհրդարանում, 4-ը՝ նախագահի պաշտոնում, 2 տարի՝ որպես խորհրդական, 15 տարի՝ բանակում։ Ես կհամագործակցեմ նրանց հետ, ովքեր ցանկանում են դա, հանուն այն բանի, որպեսզի պահպանեմ այն, ինչը պետք է պահպանել, և փոխեմ այն, ինչը պետք է փոխել», - ասել է Բոլսոնարուն հայրենիք թռչելուց առաջ CNN-ի բրազիլական խմբագրությանը տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ չկա նաև ներկայիս վարչակազմի հետ համագործակցության որևԷ հնարավորություն ինչպես նախարարների մակարդակով, այնպես էլ հաշվի առնելով գործող իշխանությունների կողմից առաջ քաշվող առաջարկները։
Բոլսոնարուն Բրազիլիա Է վերադառնում ԱՄՆ կատարած ուղևորությունից հետո, ուր նա մեկնել էր Ամանորի նախօրեին՝ նախագահի մանդատի ժամկետը լրանալուց մի քանի օր առաջ։
Բոլսոնարուն ընտրություններում պարտվել Է սոցիալիստ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային, բայց այդպես էլ չի ընդունել իր պարտությունը: Հունվարի 8-ին նրա կողմնակիցները բողոքի զանգվածային ակցիաներ էին կազմակերպել մայրաքաղաքում։ Նրանք ճեղքել էին ոստիկանական շղթան ու ներխուժել խորհրդարանի, գերագույն դատարանի շենքեր և նախագահական նստավայր։