Պակիստանում 11 մարդ է մահացել անվճար ալյուր բաժանելիս սկսված հրմշտոցի հետևանքով
Պակիստանի Փենջաբի հյուսիսարևելյան նահանգում այս շաբաթ առնվազն 11 մարդ է զոհվել, 60-ը՝ վիրավորվել անվճար ցորենի ալյուր բաժանելիս տեղի ունեցած հրմշտոցների հետևանքով։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:
Ինչպես այսօր հաղորդում Է Հնդկաստանի NDTV հեռուստաալիքը, պատահարի պատճառ են դարձել նահանգի տարբեր շրջաններում ալյուրի բաշխումը կազմակերպելու աշխատանքներում վարչակազմի սխալ հաշվարկները։
Զոհերի և վիրավորների թվում շատերը կանայք են։ Ալյուրի բաշխման պետական կենտրոններում կարգուկանոնը վերականգնելու համար ոստիկանները ռետինե մահակներ են գործադրել մարդկանց ցրելու համար։
Ալյուրով բեռնատարների վրա հաճախացած հարձակումների պատճառով դրանք սկսել են հսկել զինծառայողները։
Ըստ Փենջաբի իշխանությունների հայտարարության՝ անվճար ալյուր պետք է ստանա նահանգի 100 միլիոն բնակիչ։ Այդ նպատակի համար հատկացվել է 53 միլիարդ ռուփի (187 միլիոն դոլար): Պակիստանի զանգվածային լրատվամիջոցները նշում են, որ երկրում ալյուրի պաշարներն արդեն հիմնականում սպառվել են, ինչը կարող է առաջիկա օրերին Պակիստանում հանգեցնել պարենային ճգնաժամի սրման: