Ֆիլիպիններում լաստանավի վրա բռնկված հրդեհը 31 մարդու կյանք է խլել
Ֆիլիպինների հարավում մոտ 250 ուղևորի և անձնակազմի անդամների տեղափոխող լաստանավում հրդեհ է բռնկվել: Դեպքի հետևանքով առնվազն 31 մարդ է խեղդվել կամ մահացել հրդեհից: 23 մարդ հոսպիտալացվել է: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը:
Հաղորդվում է, որ փրկվածներից շատերը կրակի ճիրաններից փրկվելու համար խուճապահար ցատկել են MV Lady Mary Joy 3 նավից: Ըստ Բասիլան նահանգի նահանգապետ Ջիմ Հաթամանի՝ նրանք ծովից դուրս են բերվել առափնյա պահպանության ծառայության, ռազմածովային ուժերի, մեկ այլ լաստանավի և տեղացի ձկնորսների կողմից:
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, քանի որ առնվազն 7 մարդ դեռ անհետ կորած է:
Նահանգապետը հայտնել է, որ հետաքննություն է ընթանում, սակայն արդեն պարզվել է, որ նավում եղել են լրացուցիչ ուղևորներ, որոնք գրանցված չեն եղել նավի գրանցամատյանում:
Նավը հարավային Զամբոանգա նավահանգստային քաղաքից ուղևորվում էր Սուլու նահանգի Ջոլո քաղաք:
Associated Press-ը նշում է, որ Ֆիլիպիններում նավերի վթարներ հաճախ են տեղի ունենում փոթորիկների, վատ տեխնիկական վիճակում գտնվող նավերի, գերբեռնվածության և անվտանգության կանոնների չպահպանման պատճառով:
Գործակալությունը հիշեցնում է, որ 1987 թ.-ի դեկտեմբերին Dona Paz ուղևորատար լաստանավը բախվել էր նավթ տեղափոխող լցանավին, որի հետևանքով ավելի քան 4300 մարդ էր զոհվել. սա համարվում է աշխարհի ամենաաղետալի ծովային վթարը: