Ինչո՞ւ է Միրզոյանի հայտարարությունն անակնկալ եղել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան, հայտարարեց, որ առաջիկայում Մոսկվայում տեղի կունենա եռակողմ հանդիպում Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։
«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս դրվագը անակնկալ է եղել ոչ միայն քպական պատգամավորների, այլև նույնիսկ Նիկոլ Փաշինյանի համար: Խոսքը ոչ թե բուն հանդիպմանն է վերաբերում, այլ խորհրդարանում այդ մասին հայտարարելուն: Ավելին, մեր տեղեկություններով, Փաշինյանը նույնիսկ կշտամբել է Միրզոյանին, թե ինչ պարտադիր էր դրա մասին հրապարակավ խոսել: ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ, որքան էլ զարմանալի է, Միրզոյանը, ինչպես նախարարության կուլիսներում են ասում, «կուլ չի գնացել» և փորձել է հստակեցումներ մտցնել։
Մասնավորաբար, նա ասել է, որ հնարավոր և դիվանագիտության տեսակետից «թույլատրելի» ամեն հարցում պատրաստվում է հանրությանն իրազեկել գործընթացների բաղադրիչների մասին, մի խոսքով՝ բաց խոսել նրանց հետ։ Ի դեպ, մեր աղբյուրը հայտնում է նաև, որ Մոսկովյան հանդիպմանը իշխանությունները պատրաստվում են վերջնական հստակեցումներ մտցնել գործընթացում։ Ըստ այդմ, նախատեսվող հանդիպմանը Միրզոյանը ռուսական կողմին հայտնելու է, որ պատրաստվում են բանակցությունները շարունակել Արևմուտքի առաջարկած ու արդեն տևական ժամանակ բանակցած փաթեթով՝ բաց տեքստով հասկացնելով, որ հայ-ադրբեջանական, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» բանակցային հարթակը Արևմուտքն է»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում