ԵՄ-ին Վրաստանի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու որոշումը կարող է ընդունվել 2023 թ.-ին. Շառլ Միշել
Եվրոպական խորհուրդը Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների գործընթացն սկսելու որոշումը պետք Է ընդունի մինչև 2023 թ.-ի վերջը: Նման հայտարարություն է արել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:
2022 թվականի հունիսին Եվրոպական խորհուրդը որոշում Է ընդունել ճանաչել Վրաստանի եվրոպական հեռանկարը և պատրաստակամություն Է հայտնել այդ երկրին ԵՄ-ին անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրել, հենց կատարվեն 12 պայմանները, այդ թվում՝ բևեռացման վերացումը, ապաօլիգարխացումը, լրատվական միջավայրի բարելավումը, դատական համակարգի լիարժեք անկախության ապահովումը և այլն։
Միշելի խոսքով՝ Եվրահանձնաժողովը պետք է հրապարակի հաջորդ հաշվետվությունը ԵՄ-ին Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցության գործընթացի, ինչպես նաև Վրաստանի եվրոպական հեռանկարի մասին։ Բացի այդ, քննարկումներ են ընթանում Արևմտյան Բալկանների վերաբերյալ։
«Ես կցանկանայի հաստատել, որ մտադիր եմ այս հարցը Եվրոպական խորհրդի օրակարգում դնել մինչև տարեվերջ: Դա նշանակում է, որ մինչև տարեվերջ Խորհուրդը պետք է որոշում ընդունի ԵՄ-ին այս երկրների անդամակցության շուրջ բանակցությունների գործընթացի մեկնարկի մասին», - հայտարարել է Միշելը։
Ինչպես նշել է Եվրոպական խորհրդի ղեկավարը, դա լինելու Է քաղաքական որոշում՝ հաշվի առնելով այն զեկույցը, որը պատրաստելու Է Եվրահանձնաժողովը։
«Ես անկեղծորեն հուսով եմ, որ մինչև տարեվերջ կհաջողվի (խմբ.՝ ընդունել) դրական որոշում», - նշել է Միշելը։ Վրաստանը Եվրահանձնաժողովի միջանկյալ գնահատականին սպասում է ամռանը, իսկ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ վերջնական որոշմանը՝ տարեվերջին։