Ադրբեջանը որպես գազալցակայան օգտագործելու ԵՄ-ի հույսերը պայթելու վտանգի տակ են. POLITICO-ի հոդվածը
Ադրբեջանից գազը և նավթը առանցքային նշանակություն ունեն ԵՄ-ի համար՝ ռուսական հանածո վառելիքը փոխարինելու հարցում, սակայն կա նաև վտանգ, որ դա կարող է միջամտել Հարավային Կովկասում միջնորդի դերում հանդես գալու ԵՄ-ի ջանքերին: Այս մասին գրում է POLITICO պարբերականը՝ հիշեցնելով, որ Հայաստանում ԵՄ-ի քաղաքացիական առաքելության տեղակայումը Ադրբեջանը համարում է միջամտություն իր ներքին գործերին:
Միևնույն ժամանակ, նշում է POLITICO-ն, Եվրոպական խորհրդարանը հրապարակել է զեկույց, որտեղ դատապարտում է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը, ինչը նույնպես Բաքվի զայրույթն է առաջացրել:
«Այս ամենը ստվեր է նետում Ադրբեջանի հետ ԵՄ-ի բարձր մակարդակով կնքված գործարքի վրա՝ կրկնապատկելու դեպի ԵՄ գազի տարեկան մատակարարումները՝ մինչև 2027 թ.-ը դրանք հասցնելով 20 մլրդ խորանարդ մետրի», - գրում է հրատարակությունը:
POLITICO-ի հետ զրույցում ԵՄ դիվանագիտական ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ցավով է արձանագրել, որ դիտորդական առաքելության տեղակայումը, կարծես, սրել է Բաքվի հետ հարաբերությունները:
«Մենք Բաքվի հետ բոլորովին այլ սցենարի հույս ունեինք: Մենք Ադրբեջանի հետ կիսում ենք պարեկությունների և այլնի վերաբերյալ ամբողջ համապատասխան տեղեկատվությունը, որովհետև խնդիրներ չենք ուզում», - ասել է պաշտոնյան, որի անունը չի նշվում:
Ըստ հոդվածի՝ քանի որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում հակամարտությամբ, Բրյուսելը հույս ուներ ավելացնել իր ներկայությունը հարավային Կովկասում՝ կառուցելով տնտեսական կապեր Ադրբեջանի հետ և միևնույն ժամանակ քաղաքական աջակցություն առաջարկելով Հայաստանին՝ փորձելով պահել երկու հակամարտող կողմերի միջև հավասարակշռությունը:
Սակայն Ադրբեջանում 100 դիտորդների տեղակայմանը խիստ բացասաբար են վերաբերվում: Անցյալ շաբաթ ադրբեջանական պետական լրատվամիջոցները գրել էին, թե «ԵՄ առաքելությունն օգնում է սադրել Ադրբեջանին նոր պատերազմ հրահրել» և ցանկացած նոր հակամարտության «պատասխանատուն կլինի ԵՄ-ն»:
ԵՄ-ում Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչ Վաքիֆ Սադիքովն իր հերթին POLITICO-ին հայտնել է, որ Բաքվին անհանգստացնում է դիտորդների ներկայությունն Ադրբեջանի հետ սահմանին:
Բաքվին նաև զայրացրել է այն, որ Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել զեկույցին, որը դատապարտում է սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված լայնամասշտաբ ագրեսիան:
POLITICO-ն հիշեցնում է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը մարտի 25-ին խոսել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, սակայն դրանից ընդամենը ժամեր անց Ադրբեջանը հաստատել է, որ իր զորքերը դարձյալ առաջխաղացում են ունեցել Լեռնային Ղարաբաղի հրադադարի գոտում:
Ըստ Կարնեգի Եվրոպա հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմաս դե Վաալի՝ եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման հասնելու ԵՄ ջանքերը տապալվեն, ապա արևմտյան երկրները կհորդորեն պատժամիջոցներ սահմանել Բաքվի դեմ, ինչը խնդիրներ կառաջացնի ԵՄ-ի համար, որը փորձում է Ադրբեջանն օգտագործել որպես ռուսական վառելիքից հրաժարվելու այլընտրանք: