Իրանի արտգործնախարարը կարծում է, որ «3+3» ձևաչափը կարող է կարգավորել տարածաշրջանում լարվածությունը
Թեհրանն այն կարծիքին է, որ կովկասյան տարածաշրջանում լարվածությունը կարող է կարգավորվել «3+3» ձևաչափով, որը ենթադրում է Հարավային Կովկասի երեք երկրների (Ադրբեջան, Հայաստան և Վրաստան), ինչպես նաև այդ տարածաշրջանի երեք մերձավոր հարևանների (Ռուսաստան, Իրան և Թուրքիա) մասնակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Մենք, իհարկե, պետք է «3+3» մեխանիզմով, ինչպես նաև առկա մեխանիզմներով, առանց ուժի դիմելու, կարգավորենք հարցերն այս տարածաշրջանում», - մեջբերում է նրա խոսքերը ТАСС գործակալությունը:
Աբդոլլահիանը նաև ընդգծել Է կովկասյան տարածաշրջանի տնտեսական հնարավորությունները զարգացնելու համար դեպի կայուն խաղաղություն և ներառական անվտանգություն համատեղ շարժվելու կարևորությունը, ինչպես նաև նշել է այս իրավիճակում արտաքին միջամտության անընդունելիությունը։
«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է շարժվել դեպի խաղաղություն ու կայունություն. արտաքին միջամտությունն այս տարածաշրջանում, ինչպես նաև տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը փոխելու ջանքերը գործոններ են, որոնք է՛լ ավելի են բարդացնում իրադրությունը», - արձանագրել է դիվանագետը։
Անդրադառնալով այլ հարցերի՝ Իրանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել Է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները բարդացնում են իրավիճակը, անհրաժեշտ է հարցի քաղաքական լուծում։ Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները բանակցությունների ընթացքում քննարկել են նաև երկու երկրների քաղաքացիների տեղաշարժի ընթացակարգի պարզեցման հարցերը։