Իրանի ԱԳ նախարարը Մոսկվայում ընդգծել է ՌԴ-ի դերը միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցություններում
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը դրականորեն է գնահատել Ռուսաստանի ջանքերը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) գործողության վերսկսման շուրջ բանակցություններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ամիր Աբդոլլահիանը հայտնել է Մոսկվա ժամանելուն պես IRNA գործակալությանը տված հարցազրույցում:
«(Խմբ.՝ բանակցությունները վերսկսելու համար) դուռը բաց է: Պարոն Լավրովի հետ մեր բանակցությունների թեմաներից մեկը ԳՀՀԾ-ն է և կողմերի վերադարձն իրենց պարտավորությունների կատարմանը: Մոսկվան կարևոր դեր խաղաց Վիեննայում «չորս գումարած մեկ» (խմբ.՝ Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) խմբի հետ Իրանի բանակցությունների վերջին փուլում: Ռուսաստանում իմ գործընկերները նաև շարունակում են ջանքեր գործադրել կողմերին ԳՀՀԾ-ի դրույթների կատարմանը վերադարձնելու համար», - հայտնել է Իրանի ԱԳ նախարարը:
Նրա խոսքով՝ երկու կողմերը գոհ են տնտեսության, քաղաքականության, առևտրի, զբոսաշրջության, մշակույթի, անվտանգության ոլորտներում հարաբերությունների զարգացումից, «հատկապես վերջին մեկուկես տարում», երբ «երկու երկրների առևտրաշրջանառությունն աճել է 3,5 անգամ»։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հնգյակը և Գերմանիան («հինգ գումարած մեկ» խումբ) 2015 թվականին Իրանի հետ ստորագրել են ԳՀՀԾ-ն՝ Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման նպատակով:
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին դուրս եկավ այս համաձայնագրից։ ԱՄՆ-ի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը բազմիցս հայտնել է Թեհրանի հետ միջուկային համաձայնագրին վերադառնալու Վաշինգտոնի պատրաստակամության մասին։ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան 2022 թվականի ապրիլից Վիեննայում բանակցություններ են վարում Իրանի հետ՝ ԳՀՀԾ-ն իր սկզբնական տեսքով վերականգնելու շուրջ: