Եվրամիությունը 1 միլիարդ եվրո է հատկացրել Մոլդովային աջակցելու համար
Եվրամիությունը շուրջ 1 միլիարդ եվրո է հատկացրել Մոլդովային՝ երկրի կայունության ամրապնդման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Քիշնևում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ հանդիպումից հետո:
Նախօրյակին եվրոպացի պաշտոնյան այցելել էր Բուխարեստ, որտեղ Հունգարիայի ղեկավար Կլաուս Յոհանիսի հետ քննարկել էր անվտանգության բնագավառում Մոլդովային օգնություն տրամադրելու հետ կապված հարցեր։
«Եվրամիությունը լիովին համերաշխ է Մոլդովայի ժողովրդի հետ այս դժվարին ժամանակներում: Դուք միայնակ չեք: Անցյալ տարվա ընթացքում մենք ավելի քան 1 միլիարդ եվրո ենք հավաքագրել Մոլդովայի կայունությանն աջակցելու համար», - ասել Է Միշելը Մայա Սանդուի հետ համատեղ անցկացված ճեպազրույցում։
Եվրոպացի պաշտոնյան ընդգծել է, որ Բրյուսելը կշարունակի տարբեր տեսակի աջակցություն ցուցաբերել Մոլդովային։
«Մենք պատրաստ ենք ավելին անել: Եվրոպական խորհրդի վերջին հանդիպման ժամանակ 27 պետությունների ղեկավարները որոշեցին համերաշխության ուժեղ ազդանշան ուղարկել Մոլդովայի ժողովրդին, և մենք խնդրեցինք Եվրահանձնաժողովին՝ ձեր երկրի համար աջակցության փաթեթը ներկայացնել մինչև ամառ», - ասել Է Միշելը։
Նա նաև շնորհակալություն է հայտնել Մոլդովային ուկրաինացի փախստականներին օթևան տրամադրելու համար՝ հավելելով, որ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունները մեծապես ազդել են Մոլդովայի վրա: Եվրոպական խորհրդի նախագահը նաև ընդգծել է, որ Մոլդովան կարող է հույս դնել ԵՄ-ի լիարժեք աջակցության վրա «դեպի եվրոպական ընտանիք իր ճանապարհին»:
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները 2022 թ. հունիսի 23-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում հավանություն են տվել Ուկրաինային և Մոլդովային միության անդամակցության թեկնածու երկրների կարգավիճակ տրամադրելուն։ Բանակցությունների մեկնարկի համար երկրները պետք է կատարեն մի շարք պայմաններ, այդ թվում՝ բարեփոխումներ անցկացնեն և ուժեղացնեն կոռուպցիայի դեմ պայքարը։