ԱՄՆ-ն 2022 թվականի վերջին դարձել Է Եվրամիություն նավթի գլխավոր արտահանողը
ԱՄՆ-ն Եվրամիությանը նավթի մատակարարումների ցուցանիշով առաջին տեղում է հայտնվել 2022 թվականի վերջին, մինչդեռ Ռուսաստանը 31 տոկոսից կրճատել է իր մասնաբաժինը՝ հասցնելով մինչև 4 տոկոսի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Եվրոստատ» եվրոպական վիճակագրական գործակալությունը:
Ըստ տվյալների՝ 2021 թվականի վերջին եռամսյակից մինչև 2022 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանից նավթի ներմուծումը գնահատվել է ամսական 40-50 միլիոն բարել, ինչը, համապատասխանաբար, Եվրամիության երկրների ընդհանուր ներմուծման 24-31 տոկոսն է: Այդ ժամանակ ԱՄՆ-ի մասնաբաժինը կազմում էր 10-13 տոկոս:
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից հետո Ռուսաստանի մասնաբաժինը ԵՄ նավթային շուկայում անկայուն էր. փետրվարին և ապրիլին այն կազմում էր 33 տոկոս և 30 տոկոս: Ընդ որում, մարտին այդ ցուցանիշը նվազել էր՝ հասնելով 18 տոկոսի:
Սակայն դեկտեմբերին, երբ սկսեցին գործել ռուսական նավթի դեմ պատժամիջոցները, ՌԴ-ի մասնաբաժինը ԵՄ շուկայում նվազեց՝ հասնելով եվրոպական ներմուծման ընդհանուր ծավալի 4 տոկոսին:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն ավելացրել է իր մասնաբաժինը: Եվրամիությանը մատակարարումները զգալիորեն ավելացրել են նաև Նորվեգիան, Մեծ Բրիտանիան և Լիբիան: