Փարիզում սկսվել Է կենսաթոշակային բարեփոխումների դեմ համազգային ակցիան
Ֆրանսիայի կառավարության կողմից ընդունված կենսաթոշակային բարեփոխումների դեմ տասներորդ համազգային գործադուլին զուգահեռ՝ արհմիությունների կոչով Փարիզում սկսվել է ակցիա, որին տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «РИА Новости»-ի թղթակիցը։
Հունվարի կեսերից սա արդեն տասներորդ օրն է, ինչ Ֆրանսիայի առաջատար արհմիությունները երկրում կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ համազգային գործադուլի օր են հայտարարել։ Մարդիկ շարունակում են փողոց դուրս գալ՝ նշելով, որ Ֆրանսիայի իշխանությունները բարեփոխումն իրականացրել են ուժով՝ չնայած արհմիությունների բողոքներին, բնակչության դեմ լինելուն և պատգամավորների աջակցության բացակայությանը։ Ըստ «РИА Новости»-ի՝արհմիությունները մտադիր չեն հանձնվել, ինչպես և կառավարությունը. դիմակայությունը շարունակվում է փողոցում։
«Մենք կշարունակենք այնքան ժամանակ, մինչև կենսաթոշակային բարեփոխումը չչեղարկվի: Մակրոնը գտնվում է տապալման եզրին, դա երևում է Անգլիայի թագավորի այցի չեղարկումից», - «РИА Новости»-ին հայտնել Է նախագահի նախկին թեկնածու Ժան Լյուկ Մելանշոնի «Չհնազանդվող Ֆրանսիա» կուսակցության երիտասարդական թևի առաջնորդ Օրելիեն լե Կոկը։
Ցուցարարների ակցիան մեկնարկել է Հանրապետության հրապարակից, իսկ երթը պետք է ավարտվի Ազգի հրապարակում։ Ցուցարարները վանկարկում են «Ձեռք մի՛ տվեք մեր թոշակներին», «Մակրո՛ն, հեռացի՛ր» կարգախոսները։ Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բոռնը մարտի 16-ին օգտագործել է Սահմանադրության 49.3-րդ հոդվածը, որպեսզի առանց խորհրդարանի քվեարկության անցկացնի երկրում կենսաթոշակային տարիքը 62-ից մինչև 64 բարձրացնելու օրինագիծը:
Ավելի վաղ այս օրենքն արդեն բողոքի մեծ ալիք էր բարձրացրել։ Ցույցերից մի քանիսին ամբողջ երկրում շուրջ 1 միլիոն մարդ է մասնակցել: Բողոքի ակցիաներն ուղեկցվել են ոստիկանների հետ բախումներով և անկարգություններով։