Առաջարկվում է «Գոյ» թատրոնն ընդգրկել Սունդուկյանի անվան թատրոնի կազմում
ԿԳՄՍ նախարարությունը նախօրեին e-draft հարթակում շրջանառության մեջ է դրել կառավարության ոլրոշման նախագիծ, որով «Գոյ» թատրոնը միացնում են Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին:
Նշվում է, որ այս նախագծի անհրաժեշտությունը միտված է «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծագործական ներուժը առավել արդյունավետ և նպատակային գործադրելուն:
Առաջարկվում է Գոյ» թատրոնն ընդգրկել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կազմում, որպես բաժին /«Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի ստեղծագործական բաժնի «Գոյ» փորձարարական բեմ/:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այսպիսով, առաջիկայում «Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնի թատերախումբը հնարավորություն կունենա իր ստեղծագործական նպատակներն իրագործելու համար լիարժեքորեն օգտվել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տարածքային (մեծ բեմ, Black box), գույքային և նյութատեխնիկական հնարավորություններից, գովազդատեղեկատվական արշավների նախատեսված մասնագիտական-կադրային և ֆինանսական հնարավորություններից:
Սրանով կլուծվի նաև դերասանական խումբն առավել լայն ստեղծագործական հարաբերություններում ներգրավելու հարցը, կխթանվեն փոխադարձ ստեղծագործական շփումները, կստեղծվի հնարավորություն տարբեր ռեժիսորական ձեռագրերի հետ առնչվելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերջին տարիներին ակտիվորեն ընդլայնում է միջազգային համագործակցության շրջանակները, իրականացնում է տարաբնույթ կրթական-մշակութային ծրագրեր, ցուցահանդեսներ, ընդլայնում է խաղացանկը, նախաձեռնում փառատոներ, և այս ամենն ընդլայնում է նաև ստեղծագործական հնարավորությունները: