Austrian Airlines-ն ավելի քան 100 չվերթ Է չեղարկել գործադուլի պատճառով
Austrian Airlines ավիաընկերությունն այսօր ավելի քան հարյուր չվերթ է չեղարկել աշխատողների գործադուլի պատճառով, որոնք աշխատավարձի բարձրացում են պահանջում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությանը։
Ավստրիայի տնտեսական պալատի տվյալներով՝ ավիաընկերությունն աշխատակիցներին առաջարկել է աշխատավարձերը բարձրացնել 12,3 %-ով։ Սակայն աշխատողների ներկայացուցիչները շեշտել են, որ այդ առաջարկը վերաբերում է միայն աշխատակիցների որոշակի կատեգորիաների, իսկ մնացածը ստիպված կլինեն բավարարվել աշխատավարձերի ընդամենը 10 %-ով բարձրացմամբ։
Bloomberg-ը հիշեցնում է, որ եվրոպական ավիափոխադրողները վերջին շաբաթներին բախվում են գործադուլների, որոնք համընկնում են Զատկի տոնին նախորդող շատ ծանրաբեռնված սեզոնի հետ: Austrian Airlines-ի սեփականատեր հանդիսացող Lufthansa ավիաընկերությունը ստիպված էր մարտի 27-ին չեղարկել թռիչքները Գերմանիայում, որտեղ նույնպես գործադուլ էր կազմակերպվել աշխատավարձերի բարձրացման պահանջով: Ֆրանսիայում ևս գործադուլներն ազդել են օդանավակայանների աշխատանքի վրա:
Իսկ Մեծ Բրիտանիայում British Airways ավիաընկերությունը չեղարկել է թռիչքները, Հիթրոուե օդանավակայանի աշխատակիցների ցույցերի պատճառով: