Բրուք Շիլդսը պատմել է, որ ամուսինը՝ Անդրե Աղասին, իր բոլոր գավաթները կոտրել է հայտնի սերիալում մի դրվագի պատճառով
Ամերիկյան մոդել, դերասանուհի Բրուք Շիլդսը պատմել է աշխարհի նախկին թիվ մեկ ռակետի՝ հայազգի թենիսիստ Անդրե Աղասիի հետ հարաբերությունների մասին:
57-ամյա Շիլդսը մանրամասնել է, որ Աղասին, որի հետ նա ամուսնացած է եղել երկու տարի, չափազանց զայրացել է այն բանից հետո, երբ գեղեցկուհին 1996 թվականին նկարահանվել է հանրահայտ «Ընկերներ» սերիալի դրվագներից մեկում:
Tert.am-ի փոխանցմամբ՝ ինչպես գրում է foxnews.com-ը, նա այս մասին պատմել է The New Yorker-ին տված հարցազրույցում:
Խոսքն այն դրվագի մասին է, որում Շիլդսը մարմնավորում է ոմն Էրիկա Ֆորդին, որը սիրահարված է Մեթ Լեբլանի կերպարին՝ Ջոյ Տրիբիանիին: Տվյալ տեսարանում Շիլդսի խենթ հերոսուհին լիզում է Լեբլանի մատները, քանի որ հիացած է նրա մարմնավորած հերոսով:
«Անդրեն նկարահանման հրապարակում էր և աջակացում էր ինձ, և հետո նա դուրս թռավ: Նա ասաց.«Բոլորը ծիծաղում են ինձ վրա: Դու նման պահվածքով ինձ հիմարի տեղ դրեցիր»», - վերհիշել է Շիլդսը:
Նա նաև մանրամասնել է, որ այդ միջադեպից հետո բարկացած Աղասին ջարդուփշուր է արել իր բոլոր գավաթները:
«Ես նրան ասացի, որ դա ընդամենը կատակերգություն է... բայց հետո իմացա, որ այդ ընթացքում նա «բյուրեղային մեթ» էր օգտագործում, ուստի վստահ եմ, որ նրա ոչ ռացիոնալ վարքագիծը հենց դրանով էր պայմանավորված», - հավելել է Շիլդսը:
Բրուկ Շիլդսն ու Անդրե Աղասին ամուսնացած են եղել 1997-1999 թվականներին, չնայած նրանք սկսել են հանդիպել դեռ 1993 թվականից։
Իր 2009 թվականի «Բաց» հուշագրության մեջ Աղասին մանրամասնել է 1997 թվականին «բյուրեղային մեթի» չարաշահումը: