Չինաստանը նշվել Է որպես զարգացող երկրների խոշորագույն վարկատուներից մեկը
Չինաստանը դարձել է զարգացող երկրների՝ աշխարհի խոշորագույն վարկատուներից մեկը՝ ստեղծելով անդրսահմանային վարկավորման նոր գլոբալ համակարգ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով AidData հետազոտական լաբորատորիայի հրապարակած տվյալները։ AidData-ի տվյալներով՝ 2000 թվականից ի վեր Չինաստանի իշխանություններն առնվազն 240 միլիարդ դոլարի անհետաձգելի օգնություն են ուղարկել ավելի քան 20 երկրների, որոնց թվում են Արգենտինան, Մոնղոլիան, Պակիստանը և Թուրքիան։
Գումարի մեծ մասը՝ 185 միլիարդ դոլար, Պեկինը հատկացրել է վերջին հինգ տարիների ընթացքում։ «Չինաստանն ստեղծել է անդրսահմանային վարկավորման նոր գլոբալ համակարգ այն երկրների համար, որոնք գտնվում են աղետալի վիճակում», - ասված է հետազոտության մեջ: Ինչպես նշում է Bloomberg գործակալությունը, Չինաստանն ավելի ու ավելի նշանակալի դեր է խաղում զարգացող երկրների վարկավորման հարցում և այլընտրանք Է առաջարկում այն համակարգին, որը տասնամյակներ շարունակ սահմանել է տնտեսական հարաբերությունները։
Ըստ գործակալության՝ այժմ Պեկինը և Վաշինգտոնը պայքարում են հանուն համաշխարհային ֆինանսական և արժութային համակարգում ազդեցության։ Ավելի վաղ ԱՄՆ մի խումբ սենատորներ ներկայացրել էին օրինագիծ Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի կողմից Չինաստանին վարկերի տրամադրման արգելքի մասին։ Ըստ հանրապետական սենատոր Ջոն Բարասոյի (Վայոմինգի նահանգից), օրինագիծը ֆինանսների նախարարին պարտավորեցնում Է այդ կազմակերպություններում ԱՄՆ ներկայացուցիչներին ցուցումներ տալ «առարկելու բանկի կողմից Չինաստանին ցանկացած վարկի, երկարաձգման կամ տեխնիկական աջակցության տրամադրման դեմ»: