Սխալներ՝ առաջին օգնություն ցուցաբերելիս. խուճապը վնասում է տուժածին
Դպրոցում, համալսարանում, հատուկ դասընթացների ժամանակ սովորեցնում են, թե ինչպես պետք է առաջին օգնություն ցուցաբերել: Այս մասին գրում են, տեսանյութեր են նկարում, հատուկ գրականություն թողարկում, սակայն միևնույնն է, քչերը կկարողանան անհրաժեշտության դեպքում ամեն ինչ ճիշտ կատարել, գրել է Aysor.am-ը։
Խուճապային իրավիճակից և վախից ելնելով, շատերը սխալներ են թույլ տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս, որոնցից ամենատարածվածներն են.
Օգնություն էպիլեպսիայի նոպայի դեպքում
Շատերը փորձում են այնպես անել, որ նոպայի ժամանակ մարդը պատահաբար իր լեզուն չկծի կամ կուլ չտա: Վերցնում են ինչ-որ առարկա և փորձում այն հիվանդի ատամների արանքում տեղավորել: Իրականում, պարզապես պետք է այնպես անել, որ ցնցումների ժամանակ մարդը գլուխը չվնասի ինչ-որ բանի հարվածելով:
Ճանապարհատրանսպորտային պատահար
Սկզբում պետք է օգնություն կանչել և համոզվել, որ մեքենայի շարժիչն անջատված է: Այնուհետև անցնել տուժածին օգնություն ցուցաբերելուն: Ամենակարևորը` կանգնացնել արյունահոսությունը և մարդուն գիտակից վիճակում պահել. սրա համար բավարար է պարզապես նրա հետ զրուցելը:
Կարևոր է տուժածին հնարավորինս քիչ շարժել, մարդիկ բնազդաբար փորձում են որքան հնարավոր է արագ տուժածին դուրս բերել մեքենայից, ինչն իրականում ավելի է վատթարացնում նրա վիճակը, պատճառ դառնում նոր վնասվածքների: Մեքենայից դուրս քաշել պետք է միայն մեքենայի այրվելու դեպքում, այլ իրավիճակներում պետք է սպասել մասնագետների ժամանմանը:
Սրտի նոպայի դեպքում
Նման դեպքում առաջին քայլը մասնագետներին ահազանգելն է: Ստուգե՛ք անոթազարկը, դրա բացակայությունը վկայում է սրտի կանգի մասին: Տուժածին չոր մակերեսի վրա պառկացրեք, հանե՛ք բոլոր սեղմող իրերը` գոտին, փողկապը, արձակեք կոճակները: Սեղմող շարժումներ կատարեք կրծքավանդակի ստորին հատվածում: Եթե անօգուտ է՝ անցեք արհեստական շնչառության ու սրտի մերսման, մինչև անոթազարկի հայտնվելը:
Այրվածքների դեպքում
Սկզբում ազատվեք վերքը ծածկող գործվածքներից, և փորձեք այն սառեցնել, օրինակ՝ սառը ջրի տակ պահելով: Կարելի է նաև սառույց և սառեցված մթերքներ օգտագործել: Այնուհետև հարկավոր է մաքուր վիրակապ դնել:
Հիմնական սխալը այրվածքի մակերեսին յուղային կոսմետիկ միջոցներ կամ ձեթ քսելն է, ինչը միայն վատթարացնում է վիճակը` խանգարելով ջերմակարգավորմանն ու հեղուկի արտահոսքին: Մոռացեք նաև սպիրտային լուծույթների մասին, այլապես, ջերմային այրվածքին կգումարեք քիմիականը:
Դողի և բարձր ջերմության դեպքում
Իհարկե, բոլորս միանգամից սկսում ենք փաթաթվել տաք ծածկոցներով, բայց իրականում սա սխալ է: Մարմինն առանց այդ էլ տաք է, անհրաժեշտ է այն սառեցնել, և ոչ հակառակը: