Ֆրանսիայում սկսվել Է կորոնավիրուսի նոր ալիք
Ֆրանսիայում դիտվում Է կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի աճ. համաճարակաբանները համարում են, որ սա COVID-19-ի տասներորդ ալիքն Է։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:
BFM TV հեռուստաալիքի տվյալներով՝ հիվանդացության ընդհանուր մակարդակը վերջին շաբաթվա ընթացքում բարձրացել է 26%-ով:
Կորոնավիրուսով հիվանդների համար անհետաձգելի բուժօգնության բաժանմունքներում 20%-ով, իսկ վերակենդանացման բաժանմունքում՝ 15%-ով ավելի շատ դեպքեր են գրանցվել, քան մեկ շաբաթ առաջ։
Ժնևի Գլոբալ առողջության ինստիտուտի տնօրեն Անտուան Ֆլաոն իր հերթին հեռուստաալիքին հայտնել է, որ կորոնավիրուսի տարածումը, հավանաբար, վերաբերել Է ոչ միայն Ֆրանսիային, այլև, ընդհանուր առմամբ, Եվրոպայի երկրներին։
Նշվում է, որ վիրուսի վերարտադրության գործակիցը կազմում Է 1,2։ Վերարտադրման R ինդեքսը ցուցիչ է, որը որոշում է այն մարդկանց թիվը, որոնց կարող է վարակել մեկ հիվանդը: Ֆրանսիայում COVID-19-ի հետ կապված իրադրության վատթարացումը տեղի Է ունենում կենսաթոշակային բարեփոխումների դեմ լայնամասշտաբ բողոքի ցույցերի ֆոնին:
Worldometer վիճակագրական կայքի տվյալներով՝ Ֆրանսիայում կորոնավիրուսի տարածման ողջ ժամանակաշրջանում գրանցվել է հիվանդացության ավելի քան 39,7 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 165 հազար մարդ։ Կայքի տվյալներով՝ ներկայում հիվանդ է երկրի 119,6 հազար բնակիչ։