Պուտինն «Արիության համար» մեդալով է պարգևատրել 10-ամյա տղային
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ Բրյանսկի շրջան դիվերսանտների ներթափանցման ժամանակ երկու աղջկա փրկած և վիրավորում ստացած 10-ամյա տղային՝ Ֆյոդոր Սիմոնենկոյին, (ծնված 2012 թվականին) «Արիության համար» մեդալով պարգևատրելու մասին։
Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է kommersant.ru-ն։
«Քաղաքացիական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության, արիության և անձնուրացության համար»,- ասված է հրամանագրում։
Մարտի 2-ին Ուկրաինայի տարածքից մի խումբ դիվերսանտներ մտել են ՌԴ Բրյանսկի շրջանի երկու գյուղ՝ Սուշանի և Լյուբեչանի։ Դիվերսանտների գործողությունների հետևանքով երկու տղամարդ մահացել է, այդ թվում՝ Նիվայի վարորդը, որը երեխաներին դպրոց էր տանում։
Ինչպես հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն, փոխհրաձգության ժամանակ Ֆեդորն օգնել է 2015 և 2016 թվականներին ծնված երկու աղջկա դուրս գալ մեքենայից և թաքնվել։ Սակայն նա ինքը կրծքավանդակի վնասվածք է ստացել։ Տղային վիրահատել են՝ փամփուշտը հեռացնելու համար։