Կիևը ցանկանում է ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստ հրավիրել Բելառուսում ՌԴ-ի միջուկային զենքը տեղակայելու պատճառով
Կիևը պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջան գումարել Բելառուսում միջուկային զենք տեղակայելու մասին Պուտինի հայտարարություններից հետո: Դա «խարխլում է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի հիմքերը, միջուկային զինաթափման ճարտարապետությունը և ընդհանուր առմամբ միջազգային անվտանգության համակարգը», Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտարարել են Ուկրաինայի ԱԳՆ-ում:
Կիևը նաև նշել է, որ Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենքի տեղակայումը, ի հեճուկս միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շրջանակներում նրա ստանձնած պարտավորությունների, «այդ երկիրն է՛լ ավելի կվերածի Կրեմլի պատանդի և աղետալի հետևանքներ կունենա նրա ապագայի համար»:
Գերատեսչությունը G7-ի և ԵՄ-ի պետություններին կոչ է անում Մինսկին զգուշացնել Բելառուսի համար հեռուն գնացող հետևանքների մասին, եթե վերջինս համաձայնի իր տարածքում տեղակայել ռուսական միջուկային զենքը։ Ուկրաինան նաև ակնկալում է արդյունավետ հակազդեցություն Կրեմլի միջուկային շանտաժին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների ՝ Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից:
Ավելի վաղ Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են մարտավարական միջուկային զենք տեղակայել Բելառուսի տարածքում: Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը: