Աղբյուր․ Մեսսին կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցը
ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին այս ամառ կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ըստ իսպանացի լրագրող Սերխիո Գոնսալեսի, Միլանի «Ինտերը» ցանկանում է ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել մրցաշրջանի ավարտից հետո՝ ազատ գործակալի կարգավիճակով, երբ ավարտվի նրա պայմանագիրը փարիզցիների հետ։
Բանակցություններում կարևոր գործոն է աստղային հարձակվողի ընկերությունը Ներաձուրրիի լեգենդ Խավիեր Զանետիի հետ:
«Ինտերն» այն ակումբներից մեկն էր, որի անունը կապված էր Մեսսիի հետ պայմանագիր կնքելու հետ՝ 2021 թվականի ամռանը «Բարսելոնայից» հեռանալուց հետո: Ավելի վաղ ակումբի փոխնախագահ Խավիեր Զանետին հաստատել էր, որ կողմերի միջև բանակցություններ են ընթացել, սակայն ի վերջո արգենտինացին տեղափոխվեց ֆրանսիական ակումբ։
Հարկ է նշել, որ միլանյան ակումբը ֆինանսական խնդիրներ ունի, ինչը կարող է խանգարել ակումբին 2023 թվականի ամռանը պայմանագիր կնքել Մեսսիի հետ: Մյուս կողմից՝ չկա նաև երաշխիք, որ արգենտինացին կմնա փարիզցիների ճամբարում, քանի որ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները փակուղի են մտել։
Աղբյուր ArmSport.am