Մի քիչ սառնասիրտ պիտի լինեինք. Վարազդատ Հարոյանը՝ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի հետ խաղի մասին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանի կարծիքով Թուրքիայի դեմ խաղում ընտրանուն պակասեց սառնասրտությունը:
«Էմոցիաները մի կողմ դնելով` մենք իրենցից ավելի շատ գոլային պահեր ունեինք: Պարզապես պետք է իրացնեինք: Մի քիչ սառնասիրտ պիտի լինեինք: Պաշտպանության գծում խնդիրներ ունեինք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Հարոյանը:
Պաշտպանի խոսքով` 1:0-ից հետո հավաքականը պետք է ավելի վստահ գործեր, քանի որ առաջիկայում առավել ուժեղ մրցակիցներ կան, ինչպես, օրինակ, Խորվաթիայի ընտրանին է:
Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում ընդունեց Թուրքիայի ընտրանուն և զիջեց 1:2 հաշվով:
Մարտի 28-ին Հայաստանի ընտրանին ընկերական խաղ կանցկացնի Կիպրոսի ֆուտբոլի հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Մեկնարկը՝ ժամը 19:00-ին: