Հայաստանի հավաքականը պարտվեց Թուրքիային 1:2 հաշվով
Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել է Թուրքիայի թիմին և 1-2 հաշվով ցավալի պարտություն կրել:
Խաղի արդեն 10-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել «Հոֆենհայմի» պաշտպան Օզան Քաբակը՝ Կամո Հովհաննիսյանի փոխանցումի հետո գնդակն ուղարկելով սեփական դարպասը:
Բաց թողած գոլից հետո Թուրքիայի հավաքականը սկսեց ավելի ագրեսիվ գործել և ավելի շատ խախտել կանոնները մեր թիմի խաղացողների նկատմամբ: Արդյունքում, Պետրակովը նախ հարկադրված փոփոխություն կատարեց, ապա հյուրերը կարողացան հավասարեցնել հանդիպման հաշիվը:
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանը Թուրքիայի դեմ խաղում ցավալի վնասվածք տացավ հանդիպման 25-րդ րոպեին և չկարողացավ շարունակել հանդիպումը: Նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Ստյոպա Մկրտչյանը:
Թուրքիայի ընտրանու կազմում պատասխան գնդակը հեղինակեց Օրքուն Քյոքչուն՝ 35-րդ րոպեին տուգանայինի մատույցներից կատարած հարվածով գրավելով Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը:
Ի դեպ, Թուրքիայի դեմ խաղում Հայաստանի միանգամից երեք ֆուտբոլիստ՝ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը, «Կրասնոդար-2»-ի ֆուտբոլիստ Գեորգի Հարությունյանը և «Ուրարտուի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն իրենց նորամուտն են նշել ազգային թիմի կազմում:
Երկրորդ կեսում արդեն հյուրերը ևս մեկ գոլ են խփել ու հաղթանակի հասել: Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ Քերեմ Աքթյուրքողլուն խաղի 65-րդ րոպեին գրավել է Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը: Հատկանշական է՝ բաց թողած գոլից առաջ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները մի քանի իրական գոլային հնարավորություններ ունեին, սակայն ձեռքից բաց թողեցին դրանք:
Աղբյուր ArmSport.am