Առաջիկա շաբաթներին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թեման կվերադառնա Եվրամիության օրակարգ. Մորավեցկի
Ռուսաստանի դեմ հերթական պատժամիջոցների հարցում Եվրամիության «ախորժակը պակասել է»: Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետը:
«Այսօր արդեն շատ ավելի քիչ ցանկություն և ախորժակ կա նոր պատժամիջոցների համար։ Կարծում եմ, որ կա հոգնածություն»,- ասել է Մատեուշ Մորավեցկին։
Նա հավելել է, որ Լեհաստանը պատժամիջոցների նոր փաթեթների «ռեժիսորն» է։ «Մի կողմից՝ մենք Եվրահանձնաժողովին մատնանշում ենք այն անցքերը, այն սողանցքերը, որոնք Ռուսաստանն օգտագործում է՝ պատժամիջոցները շրջանցելու համար, իսկ մյուս կողմից՝ մենք նոր փաթեթի ռեժիսորների թվում ենք»,- ասել է Լեհաստանի վարչապետը:
Նրա խոսքով՝ առաջիկա շաբաթներին պատժամիջոցների թեման կվերադառնա Եվրամիության օրակարգ: Մորավեցկին հույս է հայտնել, որ պատժամիջոցների 11-րդ փաթեթով սահմանափակումներ կկիրառվեն ռուսական ադամանդների և «Ռոսատոմի» նկատմամբ: