Շառլ Միշելը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ շարունակվող ճգնաժամի և լարվածության աճի կապակցությամբ
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այսօր առանձին երկկողմ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ ասված է ԵՄ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Որպես 2023 թվականի փետրվարի 16-17-ը Մյունխենում երկրների ղեկավարների հետ իր վերջին հանդիպումների շարունակություն՝ նախագահ Միշելը նրանց հետ անդրադարձել է Բրյուսելյան գործընթացի շրջանակներում 2021 թվականի դեկտեմբերի 14-ին կայացած իրենց առաջին եռակողմ հանդիպման և 2022 թվականի օգոստոսի 31-ին կայացած չորրորդ հանդիպման միջև ընկած ժամանակահատվածում քննարկված տարբեր թեմաների»,- նշված է ԵՄ-ի պաշտոնական կայքում։
Միշելը վերահաստատել է Եվրամիության հաստատակամ հանձնառությունը՝ օգնելու կողմերին՝ հասնելու երկար սպասված կարգավորման և կայուն խաղաղության։
«Նախագահ Միշելը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ շարունակվող ճգնաժամի, վերջին զոհերի և տեղում լարվածության կտրուկ աճի, ինչպես նաև ուղեկցող բացասական հռետորաբանության կապակցությամբ: Նա իր գործընկերներին կոչ է արել փոխզիջումային լուծումներ փնտրել և զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել էսկալացիայի ռիսկերի»,- նշված է հաղորդագրության մեջ: