Թոմաս Տուխելը ներկայացվել է որպես «Բավարիա»-ի նոր գլխավոր մարզիչ
Մյունխենի «Բավարիա»-ն Թոմաս Տուխելին ներկայացրել է որպես ակումբի նոր գլխավոր մարզիչ։
Թոմաս Տուխելի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականի հունիս։
«Բավարիա»-ի նորանշանակ գլխավոր մարզիչը նշել է, որ ամեն ինչ շատ արագ է ստացվել, ակումբի հետ նախօրոք շփումներ չեն եղել։ «Ես ենթադրում էի, որ կարիերաս կշարունակեմ արտերկրում»,- հայտարարել է Տուխելը։
Նա հավելել է, որ «Բավարիա»-ն գլխավորելու առաջարկը միանգամից ընդունել է։ «»Բավարիա»-ն հաղթանակների վրա կառուցված թիմ է, դրա համար ես վստահ եմ, որ այս մրցաշրջանում մենք կկարողանանք հաղթել բոլոր տիտղոսները։ Եվ Անգլիայում, և Փարիզում շատ բարձր են գնահատում «Բավարիա»-ին։ Այս ակումբի ուժեղ լինելն անվիճելի է»,- հայտարարել է Տուխելը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիա»-ի ղեկավարությունը պաշտոնից հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանին։