Ստոկհոլմում խոստովանել են, որ Ֆինլանդիան Շվեդիայից շուտ կանդամակցի ՆԱՏՕ-ին
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը խոստովանել է, որ Ֆինլանդիան Շվեդիայից շուտ կանդամակցի ՆԱՏՕ-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Ֆինլանդիան և Շվեդիան 2022 թվականի մայիսի 17-ին Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հայտ են ներկայացրել, դրա վավերացումը մինչ այժմ չեն իրականացրել 30 երկրներից միայն երկուսը ՝ Թուրքիան և Հունգարիան: Բուդապեշտում և Անկարայում դեռ հայտարարել են Ֆինլանդիայի, բայց ոչ Շվեդիայի հայտի վավերացման պատրաստակամության մասին:
«Այժմ ամեն ինչ խոսում է այն մասին, որ Ֆինլանդիան Շվեդիայից շուտ կմիանա», - հայտարարել է Ուլֆ Քրիստերսոնը:
Թուրքիայի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ, Ժողովրդահանրապետական կուսակցությունից Ութքու Չաքիրոզերն ավելի վաղ հայտնել էր, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունը կքննարկվի հաջորդ շաբաթ Թուրքիայի խորհրդարանի գլխավոր վեհաժողովի կողմից:
Հունգարիայի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Մատե Կոչիշը հայտարարել է, որ Հունգարիան մարտի 27-ին կքվեարկի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության օգտին, իսկ Շվեդիայի անդամակցության մասին որոշումը կկայացվի ավելի ուշ: