Հարավային Կովկասում պատերազմի վտանգը իրական է և չի բխում Եվրոպայի շահերից․ Ռասմուսեն
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վտանգ է տեսնում առաջիկա ամիսներին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը Անդերս Ֆոգ Ռասմուսենը նման կարծիք է հայտնել Le Figaro-ին տված հարցազրույցում։
«Առաջիկա ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև բաց պատերազմի վտանգը իրական է և թերագնահատված։ Կա Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միայն մեկ ճանապարհ և այդ ճանապարհը փակ է դեկտեմբերի 12-ից։ Սկսած առաջին անհրաժեշտության ապրանքներից մինչև դեղամիջոցներ՝ ոչինչ չի անցնում։ Մարդիկ մնացել են հայկական կողմում և չեն կարողանում վերադառնալ իրենց տներ։ Այս իրավիճակը կարող է հումանիտար աղետի հանգեցնել։ Վերջնական նպատակը կարող է լինել էթնիկ զտումը, ինչն այնքան կբարդացնի տեղացիների կյանքը, որ շատերը ուղղակի կարող են լքել տարածքը։ Ես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղերձ եմ հղել արգելափակումը դադարեցնելու կոչով։ Նա ինձ չի պատասխանել, ինչպես որ երբեք չի արձագանքել միջազգային հանրության տարբեր հայտարարություններին։ Միջազգային դատարանն էլ է Ադրբեջանին պարտավորեցրել դադարեցնել շրջափակումը, սակայն շրջափակումը շարունակվում է։ Ես գնահատում եմ այս հարցում Էմանուել Մակրոնի հանձնառությունը և հույս ունեմ, որ նախագահ Ալիևի վրա ճնշում գործադրելու հարցում Ֆրանսիային կմիանան նաև Եվրոպական Միության հիմնական պետությունները»,- ասել է Ռասմուսենը։
Հարցին, թե ինչպիսի ճնշման մասին է խոսքը, Ռասմուսենը պատասխանել է․ «Եվրոպական հանձնաժողովը և Ադրբեջանը կապված են միմյանց էներգետիկ ոլորտի համաձայնագրերով։ Ակնհայտ է, որ ռուսական գազի մատակարարումների դադարեցումից հետո մեզ այլընտրանքներ են հարկավոր։ Բայց հենց այս համաձայնագիրը կարող է դառնալ հրաշալի հիմք Ադրբեջանի նախագահի վրա ճնշումներ գործադրելու համար։ Կարևոր է Բաքվին ասելը, որ մեր էներգետիկ շահը մեզ չի ստիպելու հայացքը մի կողմ թեքել պոտենցիալ հումանիտար աղետից։ Հնարավոր է, որ Իլհամ Ալիևն ավտոկրատ է, ինչպես և Վլադիմիր Պուտինը, սակայն ես հաստատակամորեն հավատում եմ, որ նա գիտակցում է , որ շահեկան չի լինի, եթե իրեն միջազգայնորեն մեկուսացնեն, ինչպես իր ռուս գործընկերոջը։ Ես կարծում եմ, որ Ալիևը մանրամասնորեն հաշվարկում է սահմանները, որոնք չի կարելի անցնել՝ խախտելով միջազգային իրավունքը։ Որովհետև Լեռնային Ղարաբաղի շրջափակումն օրենքի խախտում է, ինչպես և ահաբեկչությունները, որոնք իրականացվել են անցած տարա սեպտեմբերին Հայաստանի տարածքում, որոնց հաջորդել է Հայաստանի որոշ տարածքների օկուպացիան։ Եվրոպական Միությունը պետք է հասկացնի Ալիևի ռեժիմին, որ այս խախտումները չեն կարող անպատիժ մնալ»։
Ռասմուսենը հավելել է, որ Լաչինի միջանցքը ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն։ «Ես իմ աչքերով եմ տեսել զինվորների, որոնք վերահսկում են ճանապարհը։ Նրանք շատ մոտ են գտնվում արգելափակման վայրին, սակայն ոչինչ չեն անում։ Մոսկվան ոչինչ չի արել այս իրավիճակը կանխելու համար, ինչպես որ ոչինչ չի ասել սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվել էր Հայաստանի վրա։ Հնարավոր է, որ Մոսկվան բացի այն, որ ցանկություն չունի օգնելու իր պատմական դաշնակցին, նաև հնարավորություն չունի դրա համար, քանի որ ամբողջությամբ կենտրոնացած է ուկրաինական ճակատի վրա»,- ասել է նա՝ հավելելով, որ Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը թուլանում է։
Նա կարծիք է հայտնել, որ Եվրոպայի դարպասների մոտ նոր հակամարտությունը չի կարող իրենց համար ձեռնտու լինել։ Ռասմուսենի խոսքով՝ առաջին հերթին դա կարող է սպառնալիքի տակ դնել էներգամատակարարումները դեպի Եվրոպա։
Միևնույն ժամանակ, Ռասմուսենը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի պասիվությունը կարող է նշանակել ոչ ֆորմալ դաշինք Ռուսաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ռուսաստանի ու Թուրքիայի միջև։ «Ահա թե ինչու եվրոպական պետությունները պետք է զբաղվեն Հարավային Կովկասով։ Կարծում եմ, որ Եվրոպական Միությունը հասկացել է, թե ինչ է դրված խաղասեղանին՝ Հայաստան ուղարկելով դիտորդական առաքելություն։ Այս պահին դիտորդների խումբը շատ փոքր է, միջոցները չափազանց սահմանափակ են, իսկ փորձագետները հասանելիություն չունեն սահմանի ադրբեջանական հատվածին։ Սակայն սա լավ բազա է»,- ասել է Ռասմուսենը՝ նշելով, որ դիտորդների նպատակն է միջնաժամկետ հեռանկարում կանխել սպառնալիքը, որովհետև Ադրբեջանը չի համարձակվի հարձակվել, քանի դեռ կան եվրոպական դիտորդները։