Սունակը և Նեթանյահուն չեղարկել են լրագրողների հետ հանդիպումը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն իր նստավայրի առջև դիմավորել է Իսրայելի իր պաշտոնակից Բենյամին Նեթանյահուին: Իսրայելում Նեթանյահուի կառավարության ձեռնարկած դատական բարեփոխումների դեմ բողոքի ցույցերը հասել են նաև Լոնդոն. Դաունինգ Սթրիթում հավաքվել են հարյուրավոր ցուցարարներ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Jerusalem Post-ին:
Ցուցարարները վանկարկել են «ամոթ», «դավաճան» բառերը, մինչ Իսրայելի վարչապետը մոտեցել է Բրիտանիայի վարչապետի նստավայրի աստիճաններին:
Ըստ պարբերականի՝ Նեթանյահուն և Սունակը բողոքի ակցիայի պատճառով չեղարկել են լրագրողների առաջ իրենց նախատեսած համատեղ հայտարարությունը, ինչպես նաև լուսանկարման արարողությունը:
Հանդիպումից հետո հրապարակված հայտարարությունում նշվում է, որ Նեթահյահուն շեշտել է Իրանի զսպման քաղաքականությունն ուժեղացնելու և Թեհրանի վրա ճնշում գործադրելու կարևորությունը, որպեսզի վերջինս դադարեցնի իր միջուկային ծրագիրը: Կողմերը նաև քննարկել են անվտանգության, հետախուզության և տնտեսության բնագավառում ռազմավարական համագործակցությունը խորացնելու հարցերը:
Բենյամին Նեթանյահուն երեկ պաշտպանել է դատական բարեփոխումների նախագիծը և հայտարարել, որ հաջորդ շաբաթ Քնեսեթն այն կընդունի:
Իսրայելում դժգոհության առիթ է դարձել կառավարության առաջարկած դատական բարեփոխումների նախագիծը, որը նախատեսում է Գերագույն դատարանի լիազորությունների սահմանափակում և դատավորների ընտրության վերահսկողության տրամադրում գործադիր իշխանության ճյուղին:
Ընդդիմության կարծիքով՝ այս բարեփոխումը խարխլում է պետության ժողովրդավարական հիմքերը։ Նեթանյահուն պնդում է, որ այս օրինագծի նպատակը ոչ թե դատարանների վերահսկումն է, այլ դրանց հավասարակշռումը և բազմազանեցումը: