ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել ԻՀՊԿ-ի հետ կապված օբյեկտների՝ ի պատասխան ենթադրյալ իրանական ԱԹՍ-ի հարձակման
Ենթադրյալ իրանական անօդաչու թռչող սարքը հարվածել է Սիրիայում կոալիցիայի ռազմաբազայում գտնվող տեխնիկական սպասարկման օբյեկտին, որի հետևանքով զոհվել է ամերիկացի 1 կապալառու: Բացի այդ, վիրավորվել է ամերիկացի 1 կապալառու և 5 զինվորական: Ի պատասխան՝ ամերիկյան կողմն ավիահարվածներ է հասցրել Իրանի Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Պենտագոնի տարածած հաղորդագրությունը:
Դեպքը տեղի է ունեցել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասակա քաղաքից ոչ հեռու, մարտի 23-ին՝ տեղի ժամանակով ժամը 13:38-ին:
Ըստ ամերիկյան հետախուզության՝ ԱԹՍ-ն իրանական ծագում ուներ:
«ԱՄՆ նախագահ Բայդենի հրահանգով ես լիազորել եմ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերին ճշգրիտ ավիահարվածներ հասցնել Սիրիայի արևելքում գտնվող օբյեկտներին, որոնք օգտագործվում են Իրանի Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի (ԻՀՊԿ) հետ կապված խմբերի կողմից: Ավիահարվածներն իրականացվել են՝ ի պատասխան ԻՀՊԿ-ի հետ հետ կապված խմբերի կողմից Սիրիայում կոալիցիայի ուժերի դեմ այսօր կատարված հարձակման, ինչպես նաև վերջին մի շարք այլ հարձակումների», - հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:
Հաղորդագրությունում նշվում է, որ ԱՄՆ-ն համաչափ և կանխամտածված գործողություններ է ձեռնարկել՝ նպատակ ունենալով սահմանափակել էսկալացիայի ռիսկը և նվազագույնի հասցնել զոհերը:
Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ Վաշինգտոնը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը, և որ ամերիկյան զորքերի վրա ոչ մի հարձակում անպատիժ չի մնա:
ԱՄՆ պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ վիրավորված զինծառայողներից երկուսին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում, մյուսներին տեղափոխել են կոալիցիայի՝ Իրաքում գտնվող բուժհաստատություններ: