ՊԵԿ-ը բացահայտել է կապարակնիքների միտումնավոր խախտման դեպք
Օրերս Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժին ժամանած բեռնատարը, ըստ փաստաթղթերի, Իրանի Իսլամական հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն է ներկրել սպիտակ ցեմենտ: Համապատասխան մաքսային հսկողությունից հետո տեղադրվել են մաքսային կապարակնիքները և բեռնատարը Մեղրիից տեղափոխվել է նշանակման մաքսային մարմին` ՊԵԿ Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության «Ալյանս-տերմինալ»:
Կատարվել է բեռնատար ավտոմեքենայի տեսազննում, ինչի արդյունքում, հայտնաբերվել է մեքենայի կիսակցորդի և կցորդի վրա ՀՀ մաքսային մարմինների կողմից տեղադրված 2 ապահովման միջոցների միտումնավոր խախտման դեպք։ Մասնավորապես, կապարակնիքները հեռացնելու նպատակով կտրել են դրանց մաս կազմող մետաղալարերը, այնուհետև արարքը քողարկելու նպատակով մետաղալարերը սոսնձի միջոցով կրկին ամրացրել են կապարակնիքներին։ Քանի որ առաջացել են հիմնավոր կասկածներ, որ սահմանահատումից հետո՝ մինչ Ժամանակավոր պահպանման պահեստ հասնելը, մեքենայում գտնվող ապրանքները փոխարինվել են այլ ապրանքներով, տեղում կիրառվել է նաև տեխնիկական միջոց` ռենտգեն սարք, որպեսզի տվյալները համեմատվեն Մեղրիի անցակետից ստացված տվյալների հետ։ Պարզվել է՝ ավտոմեքենայի բեռն ամբողջությամբ փոխարինվել է այլ բեռով:
Տեղում կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն` մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 306-րդ, 307-րդ և 308-րդ հոդվածի հատկանիշներով: Այս հոդվածները ենթադրում են կապարակնիքների խախտում, առանց մաքսային մարմինների թույլտվության բեռների բեռնաթափման ու բարձման գործողություն և բեռների օտարում: Դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն` հետագա ընթացքը որոշելու համար: