Այո, հիմա միանշանակ կարող է լինել էսկալացիա. սա մեր թամբալության հետեւանքն է. Վովա Վարդանով․ News.am
Էսկալացիայի վտանգ շատ վաղուց կա. 2003-ին, երբ Իլհամ Ալիեւը ժառանգեց հոր խանությունը, ինքը որդեգրեց ռեւանշիզմը որպես գլխավոր ստրատեգիա եւ 3-4 տարի հետո սկսեց հաջողություն արձանագրել բանակի զարգացման գործում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, ազատամարտիկ, «Ողջ մնալու արվեստ» կառույցի ղեկավար Վովա Վարդանովը:
«2021-2013 թվականներին արդեն արդյունքն այնքան շոշափելի էր, որ իրենք սկսեցին այդ նույն էսկալացիան անել: Այդ ժամանակ տարբեր անուններ էին դնում՝ սնայպերական պատերազմ, դիվերսիոն պատերազմ, ապրիլյան պատերազմ, դրանք բոլորն էսկալացիաներ էին, որոնք թուրքերի որակական եւ քանակական առավելությունները ամրագրում էին: Ցանկացած նման էսկալացիա ոնց որ զորախաղեր լինեն: Այո, հիմա միանշանակ կարող է էսկալացիա լինել»,-ասաց նա:
Հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է դիմագրավելու ռազմական էսկալացիային, Վարդանովը պատասխանեց. «Ոչ թե կարող է կամ չի կարող, այլ պարտավոր է: Ես միշտ ասել եմ, որ մենք անփութորեն թույլ ենք տվել, որ մրցավազքի մեջ թուրքը շատ առաջ ընկնի: Սրանից 100 տարի առաջ մի գերմանացի զորավար Կլաուզեվից ազգանունով գիրք է գրել՝ «Պատերազմ», որտեղ ասում է, որ ռազմարվեստը դա լինել ուժեղ որտեղ քեզ պետք է, իսկ եթե հնարավոր է, լինել ուժեղ ամեն տեղ: Մեր թամբալության հետեւանքն է այն, ինչ ունենք: Եվ չպետք է ամեն ինչ բարդել կռավարության վրա: Հիմա շատ է օգտագործվում սլենգը, ասում են՝ գցեց ռուսի ջեբը, վարչապետի ջեբը, կամ վարչապետը գցեց ժողովրդի ջեբը: Այ ես էլ եմ ջեբը գցում, մենք բոլորս թամբալ ենք, մանկամիտ ենք, ջայլամի մտածելակերպ ունենք: Մեր փոքրիկ գլուխը մտցնում ենք ավազի մեջ, հսկայական թիրախ ենք տալիս, որ թուրքն այդ թիրախի հետ ինչ ուզի, անի»,-ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ պետք է անել, Վարդանովը պատասխանեց. «Շատ բան կա անելու, օրինակ ՈՄԱ կառույցը մշտապես ուսումնական փուլեր է սկսում, 3-6 ամսվա դասընթացներ: Ամեն տարի մեզ մոտ գալիս են ապագա զինվորներ, հիմնականում 7-15 հոգի: Սա այն դեպքում, որ այդքան հազար մարդ է գնում բանակ: Եթե լինի հանրային մեծ պահանջարկ, կառավարությունը ստիպված կլինի արձագանքել դրան, որովհետեւ հաջորդ ընտրությունները սարերի հետեւում չեն: Լինելով պոպուլիստ եւ ընտրազանգվախ չկորցնելու խնդիր ունեցող իշխանությունը անպայման կարձագանքի այդ պահանջարկին»: