Իսրայելում ընդդիմության բողոքի ակցիաներ են տեղի ունենում Նեթանյահուի դատական բարեփոխումների դեմ
Իսրայելի ընդդիմությունը մարտի 23-ը հայտարարել է բողոքի համազգային օր՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուի, նրա կառավարության և նրա առաջարկած դատական բարեփոխումների քաղաքականության դեմ: Վաղ առավոտից ամբողջ երկրով մեկ տեղի են ունենում տարբեր մասշտաբի և ձևաչափի բողոքի ակցիաներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ТАСС-ի թղթակիցը:
Նշվում է, որ արդեն վաղ առավոտյան Թել Ավիվում սկսել են փողոց դուրս գալ հարյուրավոր մարդիկ։ Քաղաքի տարբեր հատվածներում նրանք պիկետի են հավաքվում խաչմերուկներում՝ ծածանելով իսրայելական դրոշները և վանկարկելով ժողովրդավարության պաշտպանության կարգախոսներ: «Իսրայելը բռնապետություն չէ», - հայտարարում են ցուցարարները։
Ինչպես հաղորդում Է Իսրայել ի հեռուստատեսության 13-րդ ալիքը, ընդդիմության բողոքի խոշոր ցույց է տեղի ունենում նաև Երուսաղեմում՝ Քնեսեթի (խորհրդարանի) և Գերագույն դատարանի շենքերից ոչ հեռու։ Բացի դրանից, երկրի մի քանի շրջաններում ցուցարարները դուրս են եկել խոշոր մայրուղիներ՝ արգելափակելով տրանսպորտի երթևեկությունը։
Սպասվում է, որ բողոքի ակցիաները կշարունակվեն մինչև երեկո։ Իսրայելի ոստիկանությունը ձեռնարկում Է անվտանգության խստացված միջոցներ՝ անկարգություններից խուսափելու համար։ Անցյալ տարվա վերջին երկրի կառավարումը ստանձնած Նեթանյահուի նախարարների կաբինետի դեմ ընդդիմության զանգվածային ցույցերը շարունակվում են հունվարի սկզբից։ Բողոքների առիթ է դարձել նոր կառավարության առաջարկած դատական բարեփոխումների նախագիծը, որը նախատեսում Է Գերագույն դատարանի լիազորությունների սահմանափակում և դատավորների ընտրության վերահսկողության տրամադրում գործադիր իշխանության ճյուղին:
Ընդդիմության կարծիքով՝ այս բարեփոխումը խարխլում է պետության ժողովրդավարական հիմքերը։ Նեթանյահուն պնդում է, որ իր կառավարությունը ձևավորվել է ժողովրդավարական ընտրությունների արդյունքներով և կիրականացնի այն ծրագիրը, որի օգտին քվեարկել Է ընտրողների մեծամասնությունը՝ չնայած ընդդիմության առճակատման հռետորաբանությանը։
Մարտի 15-ին Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը դիմել է համաքաղաքացիներին՝ դատական բարեփոխումների դեմ բողոքների կապակցությամբ՝ իր ելույթում արձանագրելով, որ երկիրը գտնվում է սուր քաղաքացիական հակամարտության շեմին, և բոլոր կողմերին երկխոսության կոչ է արել։
Այդ նպատակով նախագահն առաջարկել Է դատական բարեփոխումների իր ծրագիրը, որը, նրա գնահատմամբ, հաշվի է առնում բոլոր կողմերի կարծիքները և փոխզիջումային է։ Նեթանյահուն և իշխող կոալիցիայի առաջնորդները մերժել են այդ առաջարկը՝ հայտարարելով, թե այն թույլ չի տա հասնել իշխանության ճյուղերի միջև իրենց կողմից ցանկացած հավասարակշռության: