Սաուդյան Արաբիայի և Իրանի արտգործնախարարները պայմանավորվել են մոտ ժամանակներս հանդիպում անցկացնել
Սաուդյան Արաբիայի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսով քննարկել են երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցը և պայմանավորվել անցկացնել երկկողմ հանդիպում:
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «Զրույցի սկզբում կողմերը շնորհավորանքներ են փոխանակել Ռամադան սուրբ ամսվա առթիվ։ Նախարարները պայմանավորվել են հանդիպում անցկացնել մոտ ժամանակներս՝ քննարկելու երկու երկրների դեսպանությունների և հյուպատոսությունների բացման նախապատրաստման գործընթացը», - հաղորդել է Սաուդյան Արաբիայի մամուլի գործակալությունը։
Ավելի վաղ Աբդոլլահիանը հայտարարել էր, որ ծրագրում է հանդիպել իր սաուդցի պաշտոնակցի հետ չեզոք տարածքում։ Նրա խոսքով՝ Թեհրանն Էր Ռիադին առաջարկել է երեք երկրներ, որոնք կկարողանան կազմակերպել իրենց հանդիպումը։ Մարտի 10-ին Սաուդյան Արաբիան և Իրանը համաձայնության են եկել երկու ամսվա ընթացքում դիվանագիտական հարաբերությունների վերականգնման և դեսպանությունների աշխատանքի վերսկսման շուրջ։
Երկու երկրների ներկայացուցիչները մի քանի օր բանակցություններ են վարել Պեկինում, որոնց արդյունքներով պատրաստվել է եռակողմ հայտարարություն։ Էր Ռիադի և Թեհրանի միջև հարաբերությունները սրվել են 2015 թվականի մարտին, երբ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան Եմենի տարածքում ռազմական գործողություն սկսեց «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման դեմ։ 2016 թվականի հունվարին թագավորությունը խզեց դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ:
Դրա պատճառ հանդիսացավ այն, որ Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը և Մաշհադում թագավորության հյուպատոսությունը հարձակման ենթարկվեցին ցուցարարների ամբոխի կողմից, որոնք վրդովված էին Էր Ռիադում շիա ականավոր հոգևորական Շեյխ Նիմր ալ-Նիմրի մահապատժից: