Կիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ, 51900 դոլար և 187700 եվրո․ Քրեական ոստիկանության բացահայտումը
Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրավապահները մարտի 21-ին խուզարկություն են կատարել Երևանի 43-ամյա բնակչի ընտանիքին պատկանող ձեռնարկատիրական տարածքում։ Խուզարկությանը, բացի ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողներից. մասնակցել են Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնի ծառյողները։
Հայտնաբերվել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ։ Մասնավորապես, 23 գրամից ավելի կոկաին, 627 գրամից ավելի մեթամֆետամին, 1 կգ 435 գրամ մարիխուանա, 237 գրամ էքստազի, 8 գրամից ավելի հերոին, հաշիշի յուղ, ափիոն, մեթադոն և այլ թմրամիջոցներ։
Հայտնաբերվել են նաև տարբեր տեսակի մեծաքանակ հոգեմետ դեղահաբեր, այդ թվում՝ սուբուտեքս, պրեգաբալին, դիազեպամ, լորազեպամ։
Իրավապահները հայտնաբերել են նաև մարտական ատրճանակ, հրացան և օդաճնշիչ ատրճանակ, 51900 դոլար և 187700 եվրո, ոսկյա մատանիներ և շղթաներ, ոսկե մետաղադրամներ, ոսկու ձուլակտորներ և ադամանդե քար։
43-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։