Այսօր Արցախում կքննարկվի Սահմանադրական փոփոխությունների նախագիծը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր Արցախի խորհրդարանը լիագումար նիստում կքննարկի Արայիկ Հարությունյանի նախաձեռնած Սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ ֆորսմաժորային իրավիճակներում, երբ, օրինակ, նախագահը անսպասելի հրաժարական է տալիս, մահանում է կամ, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, այլեւս ի վիճակի չէ պաշտնավարել, նախագահ ընտրելու լիազորություն կտրվի խորհրդարանին: Սա, ընդգծենք, չի վերաբերում նախագահի հերթական ընտրություններին. այս դեպքում նախագահին Սահմանադրությամբ նախատեսված կարգով ընտրելու է ժողովուրդը: Արցախի ԱԺ պետաիրավական հանձնաժողովը երեկ դրական եզրակացություն տվեց նախագծին:
Այսպիսով, Սահմանադրական բարեփոխումների նախագիծն այսօր արդեն երկրորդ ընթերցմամբ կքննարկվի, քվեարկություն, սակայն, այսօր չի լինի: Քննարկման ժամանակ պատգամավորները իրենց առաջարկները կներկայացնեն՝ նախագծի հետ կապված, որից հետո այն կգնա Գերագույն դատարան: Դատարանը 10-օրից մինչեւ 6-ամսյա ժամկետում իր եզրակացությունը կներկայացնի՝ նախագծի հետ կապված, որից հետո նորից այն կվերադառնա խորհրդարան եւ արդեն քվեարկության կդրվի: Նշենք, որ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը կարող է ընդունվել պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ով (22 պատգամավոր)»:
Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։