Մակրոնը հայտարարել է՝ մինչև տարվա վերջ կիրագործի բողոքի ալիք բարձրացրած կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կենսաթոշակային բարեփոխումները, որոնք ընդունվեցին՝ շրջանցելով խորհրդարանում քվեարկությունը, պետք է գործի դրվեն մինչև տարվա վերջ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը:
Պետական հեռուստատեսության եթերում հարցազրույցի ժամանակ Մակրոնը հայտարարել է, որ կենսաթոշակային տարիքը 62-ից 64 դարձնելու օրինագիծը «կշարունակի իր ժողովրդավարական ուղին»:
Առաջիկա շաբաթներին օրինագիծը կքննարկի Սահմանադրական խորհուրդը, որի հավանությունը ստանալուց հետո միայն այն կարող է օրենքի ուժ ստանալ:
Անցյալ շաբաթ խորհրդարանում օրինագծի շուրջ քվեարկությունը շրջանցելուց հետո Մակրոնն առաջին անգամ է հանրային ելույթ ունեցել: Կառավարության այդ քայլի պատճառով ամբողջ երկրում սկսվել են լայնամասշտաբ ցույցեր, որոնք ուղեկցվել են իրավապահների հետ բախումներով:
Հարցազրույցում Մակրոնը նշել է, որ պատրաստ է այն բանին, որ մեծ ժողովրդականություն չի վայելի բարեփոխումներից հետո: Նա շեշտել է, որ սոցիալական հարցումների և երկրի ընդհանուր շահի միջև ընտրություն կատարելիս նախապատվությունը տալիս է երկրի շահին:
Մարտի 20-ին Էմանուել Մակրոնի կառավարությանն ընդամենը 9 ձայնի տարբերությամբ հաջողվեց խորհրդարանի ստորին պալատում խուսափել անվստահության քվեից: