Ռուսաստանի և Չինաստանի դաշինքն իրական խնդիր է ստեղծում Արևմուտքի համար. Բոլթոն
Ռուս-չինական դաշինքի ստեղծումը իրական խնդիր է ստեղծում Արևմուտքի երկրների համար, որն ավելի լուրջ է, քան ուկրաինական հակամարտությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս կարծիքն է հայտնել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնը բրիտանական The Telegraph պարբերականին տված հարցազրույցում։ «Թե՛ Չինաստանը, թե՛ Ռուսաստանն ասում են, թե դա դաշինք է առանց սահմանների, և ես կարծում եմ, որ նրանք դա ասում են լրջորեն: Դա է Արևմուտքի իրական խնդիրը՝ անկախ այն բանից, թե ինչ տեղի կունենա Ուկրաինայում», - ասել է Բոլթոնը: «Կարծում եմ, որ ստեղծվում Է Ռուսաստան-Չինաստան առանցք, որին միանում են Իրանը և Հյուսիսային Կորեան:
Նայեք քարտեզին, նայեք աշխարհագրությանը: Մենք պետք է լրջորեն վերաբերվենք դրան», - հավելել Է նա: Նրա խոսքով՝ Արևմուտքը պետք է սկսի վերանայել զսպման ընթացիկ հայեցակարգն այն պատճառով, որ «ՉԺՀ-ն սպառնալիք է դառնում ինչպես միջուկային, այնպես էլ կոնվենցիոնալ ոլորտում»։ Նա համոզված է, որ «Չինաստանն, ընդհանուր առմամբ, գոյաբանական սպառնալիք է ներկայացնում» Արևմուտքի համար, և դա լուրջ մոտեցում Է պահանջում անվտանգության ապահովման հարցերի նկատմամբ:
Բոլթոնը նաև հավելել է, որ ՆԱՏՕ-ն պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի Ռուսաստանի Դաշնությանը դիմակայելու համար։ Բոլթոնը նաև պնդել է, որ Չինաստանն աջակցել է Ռուսաստանին Ուկրաինայում ռազմական գործողությունների հենց սկզբից՝ չփորձելով չեզոքություն պահպանել։ ԱՄՆ-ի ղեկավարի նախկին օգնականը կարծում է, որ Պեկինը շատ հնարավորություններ ունի Մոսկվային ցուցաբերելու նաև ռազմական օգնություն՝ ուղղակիորեն զենք չմատակարարելով Ռուսաստանի Դաշնությանը։ Նա կարծում է, որ ՉԺՀ-ն կարող է զենք վաճառել Բելառուսին կամ ԿԺԴՀ-ին, որը հետագայում կհայտնվի Ռուսաստանում:
Նա նաև հիշատակել է զենքի ստեղծման համար Ռուսաստանին անհրաժեշտ բաղադրիչների մատակարարումների, ինչպես նաև Չինաստանի կողմից Մոսկվային ֆինանսական օգնության տրամադրման հնարավորությունը։ Գնահատելով ՄԱԿ-ի դերն ուկրաինական հակամարտության կարգավորման գործում՝ Բոլթոնը, որը 2005-2006 թվականներին եղել է կազմակերպությունում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը, հայտարարել է, որ ՄԱԿ-ի կողմից «ըստ Էության, պատասխան չի եղել» հակամարտությանը՝ բացառությամբ մարդասիրական բնույթի նախաձեռնությունների։ «ՄԱԿ-ի՝ քաղաքական որոշումներ կայացնող մարմինները, ըստ էության, չեն գործում, և որոշ ժամանակ է՝ դա այդպես Է:
Դա հատկապես վերաբերում է Անվտանգության խորհրդին», - ասել Է Բոլթոնը, ում կարծիքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կրկին առաջացել է սառը պատերազմի ժամանակների շախմատային «պատի» իրավիճակ, երբ այդ մարմինը «մեծ դեր չԷր խաղում»: «Այն պատկերացումը, թե ՄԱԿ-ը, ինչպես մինչ այդ Ազգերի լիգան, պատասխան է խաղաղության ու անվտանգության սպառնալիքներին, ակնհայտորեն չի հաստատվել»,- կարծում է նա: