Իրանն իր ողջ պոտենցիալը կօգտագործի տարածաշրջանի խնդիրները երկխոսությամբ լուծելու համար
Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է հարևանների հետ հարաբերությունների զարգացումը․ այս քաղաքականության մեջ Իրանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստանը։
Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանին։
«Խորհրդակցությունների շրջանակում ես իմ հայ գործընկերոջ հրավերով Հայաստանում եմ, և երեկ և այսօր մենք արդյունավետ քննարկումներ ենք ունեցել իմ հայ գործընկերոջ, ինչպես նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ։ Այդ հանդիպումների ընթացքում ընդգծվեց Իրանի կայուն դիրքորոշումը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում։ Եվ մեր հանդիպումների ընթացքում ընդգծել ենք, որ Իրանը միշտ վստահելի գործընկեր է խաղաղության և անվտանգության հաստատման գործում»,- ասաց Իրանի ԱԳ նախարարի տեղակալը։
Նա հավելել է, որ տարածաշրջանի երկրներն են, որոնք խաղաղության և կայունության երաշխավորն են, և օտարերկրյա ուժերի ներկայությունը չի կարող այդ կայունությունն ու խաղաղությունն ապահովել, քանի որ նրանք այլ հեռանկարներ են հետապնդում։
Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալին հարց ուղղվեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակ պահելու, Հայաստանի սուվերեն տարածքի մի մասն օկուպացված պահելու, ինչպես նաև «Արևմտյան Ադրբեջան» և «Հարավային Ադրբեջան» կեղծ թեզերը շրջանառելու վերաբերյալ։
«Աստված դիվանագետներին ստեղծել է, որպեսզի խաղաղ երկխոսությունների միջոցով կարողանան հասնել կայունության հաստատմանը։ Ես ենթադրում եմ, որ տարածաշրջանի երկրների ղեկավարներն այնքան խելամիտ են, որ երկխոսության տարբերակը կընտրեն հարցերի լուծման համար։ Եվ Իրանը իր ողջ հնարավորությունը և պոտենցիալը կօգտագործի խաղաղ երկխոսությունների միջոցով հարցերին և խնդիրներին լուծում տալու համար»,- պատասխանեց Ալի Բաղերի Քանին։