Սի Ծինփինն ավարտեց այցը Մոսկվա
Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ավարտել է Մոսկվա պետական այցի ծրագիրը և այսօր առավոտյան մեկնել Ռուսաստանից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին դեպքի վայրից հայտնում է ТАСС-ի թղթակիցը։
ՉԺՀ-ի նախագահի ինքնաթիռը մեկնել է Մոսկվայի «Վնուկովո-2» օդանավակայանից Չինաստանի ղեկավարի և նրա ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի առանձնազույցի և պատվիրակությունների լայն կազմով երկօրյա բանակցությունների ծրագրի ավարտից հետո:
Ռուսաստանը դարձավ առաջին երկիրը, որտեղ այցելեց Սի Ծինփինը մարտի 10-ին Ազգային Ժողովրդական Կոնգրեսի (խորհրդարանի) կողմից երրորդ ժամկետով վերընտրվելուց հետո: Չինաստանի նախագահի մեկնման առթիվ օդանավակայանում տեղի Է ունեցել հանդիսավոր արարողություն:
Բարձրացվել են Չինաստանի և Ռուսաստանի պետական դրոշները, հնչել են երկու երկրների օրհներգերը։ Չինաստանի ղեկավարը կարմիր ուղեգորգի վրայով քայլել է դեպի ինքնաթիռ՝ զինվորական նվագախմբի նվագակցությամբ։
Օդանավասանդուղքի մոտ Սի Ծինփինին ճանապարհել են ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն, ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն և այլ պաշտոնատար անձինք։ Սի Ծինփինի պետական այցը Ռուսաստան մեկնարկել էր մարտի 20-ին։
Պուտինի հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ Չինաստանի ղեկավարը ռուս պաշտոնակցին հրավիրել է 2023 թվականին այցելել Չինաստան։ Բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով հրապարակվել է Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի համատեղ հայտարարությունը համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարաբերությունների խորացման մասին, որոնք թևակոխում են նոր դարաշրջան: