Կինը մասնատել է մորը և երկու ամիս ապրել նրա աճյունի հետ
Հնդկաստանի Մումբայ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ, ով մասնատել է սեփական մորը, իսկ հետո երկու ամիս շարունակել ապրել նրա աճյունի հետ։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Indian Express-ը։
55-ամյա Վեյնա Պրակաշ Ջայնն ապրում էր իր 24-ամյա դստեր՝ Ռիմփլի հետ։ Կնոջ զարմուհիներից մեկը գնացել է նրա տուն՝ ամսական ծախսերի համար գումար փոխանցելու։ Երբ Ռիմփլը չի բացել դուռը, զարմուհին հարևաններին հարցրել է Վինի մասին, որոնք ասել են, որ նրան չեն տեսել ավելի քան երկու ամիս:
Ավելի ուշ հնդկուհու տուն են եկել Վինայի հարազատները։ Նրանք երկար թակել են դուռը, մինչև Ռիմփլը բացել է այն։ Երբ նա տեսել է նրանց, նորից փակել է։ Հետո ուժով մտել են տուն։ Հնդիկ կնոջ դուստրը հայտարարել է, որ իր մայրը մեկնել է Ուտար Պրադեշ նահանգի Կանպուր քաղաք։ Հարազատները նրան տարել են ոստիկանություն և անհայտ կորածների մասին հաղորդում են ներկայացրել։
Դրանից հետո ոստիկանները խուզարկել են տունը եւ հայտնաբերել Վինայի մասնատված մասունքները։ Ոստիկանները պարզել են, որ կինը կտրել է նրա ձեռքերն ու ոտքերը և դրել ջրատաքացուցիչի մեջ, իսկ մարմինն ու գլուխը փաթաթել պոլիէթիլենային տոպրակի մեջ և թաքցրել պահարանում։
Մահացածի դուստրը ոստիկաններին բացատրել է, որ մայրը դեկտեմբերի 27-ին ընկել է երկրորդ հարկից։ Չինական սրճարանի երկու աշխատակիցներ, որոնք գտնվել են առաջին հարկում, օգնել են ընկած կնոջը բարձրացնել իր բնակարան։ Վինան տարբեր վնասվածքներ է ստացել, այդ թվում՝ գանգուղեղային, սակայն բժշկական օգնության չի դիմել։ Նա ի վերջո մահացել է ստացած վնասվածքներից։ Իրավապահ մարմինները պարզում են կնոջ մահվան ստույգ հանգամանքները։ Մնացորդներն ուղարկվել են դիահերձման։
Վարկածներից մեկի համաձայն՝ Ռիմփլը վախեցել է, որ բոլորն իրեն կմեղադրեն Վինայի մահվան մեջ, ուստի նա որոշել է մասնատել նրա մարմինը:
Ոստիկանները պարզել են, որ մայր ու դուստր հաճախ են վիճել։