Սթիվ Ջոբսի հազվագյուտ ինքնագիրը վաճառքի է հանվել 95 հազար դոլարով
Առցանց վաճառքի է հանվել Apple-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսի հազվագյուտ ինքնագիրը։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է TMZ պորտալը։
Լոտի հազվադեպությունը պայմանավորված է նրանով, որ Ջոբսը ինքնագրեր չէր անում և, սկզբունքորեն, հազվադեպ էր որևէ տեղ ստորագրում, նշում է TMZ-ը։ Պոտենցիալ գնորդին առաջարկում են միլիարդատիրոջ ինքնագիր՝ մարքեթինգի տնօրեն Սյուզաննա Լինդբերգին ուղղված շնորհակալագրի վրա, ով Apple-ում աշխատել է տասը տարի: Այն թվագրվում է 2000 թ.:
«Այս մրցանակը շնորհվում է նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Apple-ի ֆենոմենալ հաջողության մեջ տասը տարվա ընթացքում անձնական նվաճումների շնորհիվ: Apple-ը ձեզ պարգևատրում է ոչ միայն ձեր տաղանդի, ոգևորության և էներգիայի, այլ նաև ձեր ստեղծագործական գործունեության և կարիերայի տասը տարիների համար: Հուսով ենք, որ դուք կշարունակեք հավատալ, ինչպես մենք, որ ճանապարհորդությունն ինքնին լավագույն պարգևն է»,- ասվում է շրջանակված նամակի վրա:
Նամակի հենց վերջում կարելի է տեսնել Ջոբսի ստորագրությունը՝ սև գելային գրիչով, ինչը նույնպես հազվադեպ է, քանի որ Apple-ը սովորաբար օգտագործում էր ֆաքսիմիլներ նման փաստաթղթերի վրա։ Ինքնագրի արժեքը 95.000 դոլար է: