Ադրբեջանը հերքում է հայ զինծառայողին գերեվարելու մասին լուրը
Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունը ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից հայ զինծառայողի գերեվարման մասին սուտ է։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
«Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկությունն այն մասին, որ մարտի 21-ին Հայաստանի զինված ուժերի զինծառայողն իբր մեքենայով մոլորվել և մոտեցել է ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դիրքերին և գերեվարվել մեր ստորաբաժանումների կողմից, սուտ է», - հայտնել են նախարարությունից։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց, նշելով` մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ։